Կինո

Սոչիում նախօրեին մեկնարկել է «Կինոտավր 2015» բաց ռուսական 26–րդ կինոփառատոնը, որը կտևի մինչև հունիսի 14–ը։ 

Մրցութային հիմնականում ծրագրում ներառված է 14 լիամետրաժ ֆիլմ` Անդրեյ Զայցևի «14+», Արտյոմ Տեմնիկովի «No comment», Ալեքսեյ Ֆեդորչենկոյի «Հեղափոխության հրեշտակները», Դենիս Ռոդիմինի «Հյուրը», Ալեքսանդր Կոտտի «Ինսայթ», Վիկտոր Դեմենտի «Գտածոն», Իլյա և Անտոն Չիժիկովների «Մեր գերեզմանատան տղան», Նատալյա Կուդրյաշովայի «Պիոներ հերոսները», Ելենա Խազանովայի «Պետրուշկայի համախտանիշը», Իվան Վիրիպաևի «Փրկություն», Վասիլի Սիգարյովի «03 երկիր», Միխայիլ Մեստեցկու «Հնաշորի միությունը» և Էլլա Մանժեևայի «Որորներ» ֆիլմերը։ 

Այս տարի ներկայացված 14 ռուսական լավագույն ֆիլմերի շարքում է նաև Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը։ «Սիրո մասին» և «Սիրո մասին 2» երկու կարճամետրաժ ֆիլմերի հեղինակը Սոչի է գնում ներկայացնելու համանուն լիամետրաժ ֆիլմը։ 

Ինչպես գրում է ru.hellomagazine.com–ը, ֆիլմը ստեղծելու համար ռեժիսորին ոգեշնչել են իր երկու համանուն կարճամետրաժ աշխատանքները։ 

Ռեժիսորը հրատարակությանը նշել է, որ ֆիլմերի թեման մանրամասն ուսումնասիրել է, քանի որ այն բարդ է և բազմամյա խորը ուսումնասիրություն է պահանջում։ 

«Ես այս թեմային անդրադարձել եմ սկզբում կարճամետրաժ տարբերակով։ Սկզբնական գաղափարը պատահական է ծնվել, ամեն տարի սիրո մասին ֆիլմեր էի նկարահանում Action! բարեգործական աճուրդի համար, որի հեղինակը Սվետա Բոնդարչուկն է։ Նկարահանումների բյուջե չի եղել, այդ պահին ոչ մի վարձույթի մասին չէի մտածում։ Սակայն աշխատանքի ընթացքում հանկարծ հասկացա, որ դա իմ թեման է` տղամարդն ու կինը, սերը, սեքսը, հարաբերությունները։ Մատուցման եղանակը ևս ինքնուրույն է ծնվել», – ասել է Մելիքյանը։ 

Նրա խոսքերով` «Սիրո մասին» ֆիլմում օգտագործվում են այն մոտեցումներն ու նրբերանգները, որոնք չէին ենթադրում սեքսի կոշտ դրվագներ կամ «անկեղծ» տեսարաններ։ 

«Ամեն դեպքում, մեծ վարձույթի հույս ունենք։ Ֆիլմը նախատեսված է 16 տարեկանից բարձր անձանց համար», – խոստովանել է Մելիքյանը։ 

Նա ավելացրել է, որ «Սիրո մասին» նոր ֆիլմում իրեն հաջողվել է պահել խոստումը` «ֆիլմում ոչ մի աղջիկ չի մահանում։ Ցավոք` ոչ մի տղամարդ ևս», – ասել է ռեժիսորը։ 

Արդեն մի քանի օր է` մի շարք հայկական և օտարերկրյա ԶԼՄ–ներ գրում են այն մասին, որ «Սիրո մասին» ֆիլմը բուքմեյքերների ֆավորիտն է։ Այսպես, ըստ բուքմեյքերների խաղադրույքների, ֆիլմը հաղթանակի համար գլխավոր հավակնորդների թվում է։ -0-