Կինո

«Սեզար» ֆրանսիական կինոմրցանակաբաշխությունը կանցկացվի ուրբաթ ֆրանսիական Շատլե թատրոնում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ 

«Սեզար» մրցանակն այս տարի հոբելյանական կլինի` արձանիկները կհանձնեն քառասուներորդ անգամ։ Հեղինակավոր պարգևի համար, ի թիվս այլոց, կպայքարեն Իվ Սեն Լորանի լեգենդար կուտյուրյեի մասին միանգամից երկու ֆիլմեր։ 

Անվանակարգերրի առավելագույն թիվը` տասը, ստացել է ռեժիսոր Բերտրան Բոնելոյի «Սեն Լորան» (Saint Laurent) կենսագրական ֆիլմը։ Ինն անվանակարգ է ստացել Տոմ Կալիեի «Կործանիչներ» (Combattants) ժապավենը, ութը` Աբդերահման Սիսակոյի «Տիմբուկտուն», յոթական`ռեժիսոր Ժալիլ Լեսպերի ևս մեկ «Իվ Սեն Լորանը» (Yves Saint Laurent) և Թոմ Լիլթիի «Հիպոկրատը» (Hippocrate), վեցը` Էրիկ Լարտիգոյի «Բելիե ընտանիքը» (Famille Bеlier)։ 

Ակնկալվում է, որ «լավագույն ֆիլմի» գլխավոր հավակնորդներ կդառնան «Տիմբուկտուն» և «Սեն Լորանը», սակայն պայքարի մեջ կարող են մտնել «Բելիե ընտանիքը» և «Կործանիչները»։ Փորձագետներն այդ անվանակարգում հաղթանակ են կանխատեսում «Տիմբուկտու» ֆիլմին։ Այդ ֆիլմը պատմում է մալիական մի ընտանիքի մասին, որի կյանքն արմատապես փոխվում է քաղաքում ջիհադիստների հայտնվելուց հետո։ 
Լավագույն դերասանուհու կոչման են հավակնում Ջուլիետ Բինոշը («Զիլս Մարիա»), Մարիոն Կոտիյարը («Երկու ցերեկ, մեկ գիշեր»), Կարին Վիարը («Բելիե ընտանիքը»), Ադել Անելը («Կործանիչները»), Կատրին Դենյովը («Կինը բակում»), Էմիլի Դեքիենը («Ոչ նրա ոճի մեջ») և Սանդրին Կիբերլենը («Պաշտելին»)։ Ֆավորիտը Ջուլիետ Բինոշն է, սակայն կինոքննադատները նշում են, որ քվեարկության ելքը կանխագուշակելը շատ բարդ է։ 

Գասպար Ուլիելը («Սեն Լորան»), Պիեր Նինեն («Իվ Սեն Լորան»), Գիյոմ Կանեն («Հաջորդ անգամ սրտին եմ կրակելու»), Նիլս Արեստրուպը («Դիվանագիտություն»), Ֆրանսուա Դամիենը («Բելիե ընտանիքը»), Ռոմեն Դյուրին («Նոր ընկերուհի») և Վենսան Լակոստը («Հիպոկրատ») կպայքարեն լավագույն դերասանի կոչման համար։ Փորձագետների կարծիքով, այդ անվանակարգում պատվավոր պարգևը կտրվի «Իվ Սեն Լորաններից» մեկին, սակայն  դժվարանում են պատասխանել, ով կստանա Գասպար Ուլիելը՞, թե՞ Պիեր Նինեն։ 

Միաժամանակ քննադատները նշում են, որ եթե «Սեն Լորանը»  կհաղթի «Լավագույն ֆիլմ» անվանակարգոևւմ, ապա քվեարկության մասնակիցները, հավանաբար, պարգևով կնշեն դրա ռեժիսոր Բերտրան Բոնելոյին։ 

«Սեզար» (Cesar) մրցանակն ամեն տարի հանձնում է Ֆրանսիական կինեմատոգրաֆիկ արվեստի և տեխնիկայի ակադեմիան 1976 թվականից։ Դրա հաղթողներն ընտրվում են Ակադեմիայի գաղտնի քվեարկության արդյունքներով, որն այսօր բաղկացած է ավելի քան չորս հազար մարդուց։ Կինոմրցանակը տրվում է 22 անվանակարգերում։ -0-