Կինո

Ռուսաստանցի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Կողոպուտ ամերիկյան ձևով» մարտաֆիլմը գրանցել է ամերիկյան կինովարձույթի ամենավատ մեկնարկը` առաջին week-end–ին «վաստակելով» ընդամենը 254 դոլար, հաղորդում է Lenta.ru–ն` հղում անելով Kinodata.pro–ին։ 

Նախորդ հակառեկորդը գրանցել էր ՖԻՖԱ–ի մասին պատմող «Երազանքի լիգա» ֆիլմը, որը հունիսին կինովարձույթի ամենասկզբում վաստակել էր 918 դոլար։ 

Եթե «Երազանքի լիգա» ֆիլմը ցուցադրվեց ամերիկյան 10 կինոթատրոններում, ապա «Կողոպուտ ամերիկյան ձևով» ֆիլմը ցուցադրվեց ընդամենը երկու կինոթատրոններում։ 

«Կողոպուտ ամերիկյան ձևով» հայրենական ֆինանսավորմամբ ֆիլմը ռուսական կինովարձույթում էր հայտնվել փետրվարին։ ԱՄՆ–ում նկարահանված ֆիլմը «վաստակել էր» 2,2 մլն դոլար։

Ֆիլմը «Հղի տղամարդը», «Դեռ այն Կառլսոնն է», «Ծառայողական սիրավեպ. մեր ժամանակները» կատակերգություններով հայտնի Սարիկ Անդրեասյանի առաջին անգլալեզու նախագիծն է։ Ֆիլմը պատմում է երկու եղբայրների մասին, որոնք փորձում են բանկ կողոպտել Նոր Օռլեանում։ «Կողոպուտ ամերիկյան ձևով» ֆիլմի գլխավոր դերակատարներն են Էդրիան Բրոուդին, Հայդեն Քրիսթենսենն ու երգիչ Էյքընը։ -0-