Կինո

Աշխարհահռչակ դերասան Ռոբերտ Դե Նիրոն և ֆրանսիացի դերասան Սեմի Նասերին («Տաքսի» ֆիլմի գլխավոր դերասանը) կմասնակցեն հայ ռեժիսոր Գրիգոր Գարդուշյանի «Ռոք և ճանապարհ» ֆիլմի նկարահանումներին, գրում է Fontanka.ru-ն։

Նասերին արդեն ժամանել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ օգոստոսի 27–ին «Լենֆիլմ» կինոստուդիայում սկսվել են ֆիլմի աշխատանքները։ Ֆրանսիացի դերասանը հանդես կգա բայքերի դերում, որը փրկում է ռուս աղջկան և նրա հորը։

«Ի սկզբանե ֆիլմի սցենարը մենք ուղարկել ենք մի քանի ֆրանսիացի դերասանների, մասնավորապես` Վենսան Պերեսին։ Բայց Պերեսն ամպլուայով ավելի շատ «սիրեկան» է, իսկ Նասերին իդեալական է այդ դերի համար»,– ասել է Գարդուշյանը «Ֆոնտանկային» տված հարցազրույցում։

Ավելի վաղ նախատեսվել էր ֆիլմում նկարահանվելու համար հրավիրել Միքի Ռուրկին, սակայն վերջերս տարած պլաստիկ վիրահատության պատճառով նա դադարել է նմանվել ինքն իրեն, ինչը դուր չի եկել պրոդյուսերներին։ Խնդիրը լուծելու համար ֆիլմի ստեղծողները պայմանավորվել են համաշխարհային մեծության այլ աստղի` դերասան Ռոբերտ Դե Նիրոյի հետ, ով հիմա Լոս Անջելեսում ավարտում է սեփական ֆիլմի աշխատանքները։

«Դե Նիրոյի գործակալները մեզ երկու օր են առաջարկել աշնանը, որոնց ընթացքում նա կարող է նկարահանվել մեր ֆիլմում»,– նշել է Գարդուշյանը։

Ֆիլմում կնկարահանվեն նաև երաժիշտներ Քեն Հեսլին (Uriah Heep), Ջո Լին Թյորները (Deep Purple), Դեն Մաքաֆերտին (Nazareth)։Նրանց հետ պայմանագիր են ստորագրել, և նրանք Պետերբուրգ կժամանեն աշնան կեսին։

Ֆիլմի երաժշտությունը գրել է Pushking խմբի առաջնորդ Կոնստանտին Շուստարյովը։ «Ռոք և ճանապարհ» ֆիլմը նախատեսում են վարձույթի հանել 2016թ.–ի աշնանը։ -0-