Գրախոսություն

«Ժաննա» ֆիլմը, որը ստեղծողները որակել էին որպես առաջին հայկական շովինիստական ֆիլմ, մեծ ոգևորությամբ է ընդունվել հանդիսատեսի կողմից։ 

Ֆիլմի վերնագիրը հուշում է, որ «Ժաննա» ֆիլմը, առաջին հայացքից, պատմում է 18-ամյա Ժաննա դ’Արկի մասին, ում հերոսական ու միաժամանակ ողբերգական պատմությունը լավ հայտնի է բոլորին։  

Սակայն դա միայն առաջին հայացքից։ Դրամատիկ պատմությունը` ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Արա Երնջակյանի մեկնաբանությամբ, միանգամայն յուրահատուկ ձևով է ներկայացվել։ Ավելին, հեղինակն իր ֆիլմը համարում է ինչ–որ չափով կատակերգություն։

«Բայց մեր ֆիլմն իրականում մեր մասին է։ Չեմ սխալվի, եթե ասեմ, որ սա առաջին շովինիստական ֆիլմն է հայկական կինոյում, որտեղ բաց տեքստով ասվում է այն մասին, որ հայն իր մարդկային հատկանիշներով գերազանցում է, ասենք, անգլիացիներին և ֆրանսիացիներին», — ասաց ֆիլմի ռեժիսոր, Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը հինգշաբթի ֆիլմի պրեմիերայից առաջ։ 

83 րոպե տևողությամբ ֆիլմը նկարահանվել է Կամերային թատրոնի ուժերով հենց թատրոնում նույն թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանի սցենարով և բեմադրությամբ։ Գլխավոր դերերում նկարահանվել են դերասաններ Անի Լուպեն, Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Մխիթար Ավետիսյանը, Սենիկ Բարսեղյանը։

Ժապավենի վրա տեսագրվել է Կամերային թատրոնի հերթական ներկայացումը, որտեղ Ֆրանսիայում և Անգլիայում XV դարի պատմական հանգամանքների միջոցով ֆիլմի ստեղծողները փորձել են ներկայացնել ժամանակակից Եվրոպայի բարոյական քայքայումը։

Ըստ ֆիլմի տրամաբանության` այնպես է ստացվում, որ տղամարդիկ այնքան են տարվել իրենց նմանների նկատմամբ սիրով, որ այդ երկրների բնակչությունը հայտնվել է ժողովրդագրական ճգնաժամի իրական սպառնալիքի տակ։ Արդյունքում` անհետացող եվրոպացիներին օգնության է գալիս հայ մաչոն, ով միայնակ լուծում է վերարտադրության խնդիրը։ Եվ ինչպե՞ս այստեղ չբացականչել` պարոնայք եվրոպացիներ, դուք, ամեն դեպքում, ինչ–որ չափով հայ եք։

Անշուշտ, բավականին սուբյեկտիվ են վեճերն այն մասին, թե որքանով է Կամերային թատրոնի դերասան Անդրանիկ Հարությունյանը համապատասխանում մաչոյի և վերարտադրող ցուլի դերին։ Ի վերջո, ճաշակին ընկեր չկա։ Սակայն անհեթեթության հասցված ցանկացած առաքինի արարք դառնում է ինքնին անհեթեթ։ Խաչիկը, որի մոտ կանայք նախօրոք են գրանցվում և փաստացի կերպով շնորհակալություն են հայտնում, դժվար թե կարողանա համակրանք առաջացնել ողջամիտ հանդիսատեսի շրջանում։

Ինչ վերաբերում է գլխավոր կանացի կերպարին` Ժաննային, ապա նա էլ ավելի ոչ միանշանակ է։ 18–ամյա կույսը, ով իր տեսքով բավականին փորձված մի էակ է, հանդիսատեսի բուռն ծիծաղի ֆոնին «Կամասուտրայի» դիրքերի միջոցով ապարդյուն փորձում է գրգռել կնանման զինվորներին։ Սակայն նրանք վաղուց կորցրել են իրենց էության մասին հիշողությունների մնացորդները` ենթարկվելով մոդայիկ միտումներին։ 

Իսկ հիմա ֆիլմի գագաթնակետը։ Ֆիլմի հեղինակի մտահղացմամբ` Ժաննային չեն այրում, նա հայտնվում է ամբողջովին ուրիշ վայրում։ Իսկ թե որտեղ, չենք նշի` պահպանելու համար ինտրիգը նրանց համար, ովքեր որոշել են դիտել ֆիլմը։ 

Կարելի՞ է ֆիլմը հաջողված համարել։ Իհարկե` այո, եթե հաշվի առնենք հանդիսատեսի արձագանքը, ով ֆիլմն ընդունեց մեծ ցնծությամբ և բուռն ծափահարություններով ուղեկցեց եզրափակիչ կադրերը։

Ֆիլմը, որտեղ ֆարսի տարրերով կատակերգության ժանրում ներկայացված է եվրոպական արժեհամակարգի նկատմամբ հայկականի գերակայությունը, մեծ հետաքրքրություն առաջացրեց Երևանի թատրոնի և կինոյի ներկայացուցիչների, ինչպես նաև պրեմիերային մասնակցած պաշտոնատար անձանց, գործարար և գիտական շրջանակների ներկայացուցիչների շրջանում։

Մասնավորապես, պրեմիերային ներկա էին Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը, Synopsis ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը, Հայաստանի Դեմկուսի առաջնորդ Արամ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու այլք։ 

Իսկ ո՞րն է ֆիլմի նման հաջողության գաղտնիքը։ Գուցե սա պատասխան է եվրաինտեգրման ջատագովների՞ն, ովքեր վերջերս այդքան պայքարում էին ԵՄ–ի կազմում Հայաստանի անդամակցության համար` սեռական տարբեր հակումների նկատմամբ հանդուրժողականության պահանջով։ Էլ ինչո՞վ կարելի է բացատրել այդքան հակաեվրոպական ֆիլմի հաջողությունն ու համառ հայի առաքելությանն աջակցելու ցանկությունը նրա այդքան ազնիվ գործում` անհետացման եզրին գտնվող առանձին վերցրած եվրոպացու պահպանման գործում։ –0–