Գրախոսություն

Ծնողների կողմից լքված երեխաներին օգնելու ցանկությունը շուրջ մեկ տարի առաջ միավորեց Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներին: Որոշեցին բարեգործական նպատակով ֆիլմ նկարահանել, ստացված հասույթն էլ փոխանցել Խարբերդի մասնագիտացված մանկատանը:  

Առանց բյուջեի ու հովանավորների, զրո դրամով ստեղծագործական խումբը համախմբվեց, ու սկսվեցին աշխատանքները: 

Հայաստանում բարեգործական նպատակով նկարահանված առաջին ֆիլմն այսօր արդեն պատրաստ է: «Ժամանակ» ֆիլմը մեծ էկրան կբարձրանա այսօր՝ հունվարի 20-ին: Պրեմիերան տեղի կունենա «Նաիրի» կինոթատրոնում:   

Ֆիլմի ռեժիսորն Անդրանիկ Տոնոյանն է, պրոդյուսեր-օպերատորը՝ Կարեն Վարդանյանը, սցենարիստը՝ Աստղիկ Դերձյանը, սաունդթրեքի հեղինակը՝ Վահագն Rush-ը, գլխավոր դերերում են Նունե Ղարիբյանն ու Գարիկ Միքայելյանը: Ֆիլմի նկարահանմանը տեխնիկական աջակցություն է ցուցաբերել «Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամը: 

«Այս ֆիլմն ստեղծել են մարդիկ, ովքեր գնահատում են ոչ թե նյութական, այլ հոգևոր արժեքները: Գրեթե մեկ տարի ստեղծագործական խումբն աշխատել է առանց մեկ դրամ վարձատրության: Անձնակազմը չէր աշխատում վճարի համար, աշխատում էր մի պարզ գաղափարի՝ մանկատան երեխաներին օգնելու համար»,- «ԱՌԿԱ Style»-ի հետ զրույցում նշեց ֆիլմի ռեժիսոր Անդրանիկ Տոնոյանը: 

Ֆիլմը մելոդրամա է` երկու ճակատագրերի մասին: Իսկ ինչու «Ժամանակ».

Անդրանիկ Տոնոյանը բացատրում է. «Ֆիլմի սյուժեն զարգանում է երկու հերոսների շուրջ: Մեկը չունի ապրելու հնարավորություն, բայց պայքարում է հանուն կյանքի, մյուսն ունի այդ հնարավորությունը, բայց մտածում է ինքնասպանության մասին: 

Մարդիկ չեն գնահատում իրենց նվիրված այս կարճ կյանքը, չեն գնահատում ժամանակը. մեկն իրեն փորձում է կամրջից նետել, մյուսն այլ կերպ է ինքնասպան լինում… Հանկարծակի հանդիպում են այս երկու մարդիկ, ու փոխվում է երկուսի կյանքը»: 

Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմը որոշակի առումով կյանքը գիտակցելով ապրելու քարոզ է՝ ուղղված երիտասարդությանը: 

Ֆիլմի նկարահանումների ընթացքում ստեղծագործական խումբը բազում խոչընդոտներ է հաղթահարել: Բայց ամենասարսափելին դժբախտ պատահարի հետևանքով ընկերոջ՝ դերասան-օպերատոր Ջիվան Նիկոլյանի կորուստն էր: 

«Նկարահանումներից մեկի ճանապարհին (խոսքն այս ֆիլմի նկարահանման մասին չէ) Ջիվան Նիկոլյանը վթարի ենթարկվեց ու մահացավ: Դա մեծ սթրես էր ողջ ստեղծագործական թիմի համար: Մի քանի ամիս դադարեցրեցինք նկարահանումները»: 

Ռեժիսորն ընդգծեց, որ ֆիլմի նկարահանման ժամանակ դիտավորյալ չեն դիմել որևէ պրոֆեսիոնալ դերասանի: «Թատրոնի և կինոյի ինստիտուտի ուսանողներն այսօր շատ անտեսված են: Երիտասարդներն ավարտում են, բայց գործ չունեն, թողնում-գնում են Հայաստանից: Բոլոր նախագծերում հիմնականում մի քանի նույն դերասաններն են ընդգրկվում: Այս ֆիլմը նաև հարթակ է, որտեղ ներկայացվում են նոր դեմքեր»: -0-