Գրախոսություն

Նախօրեին Երևանում տեղի է ունեցել հունգարացի ռեժիսոր Կոռնել Մունդրուցոյի «Սպիտակ աստված» ֆիլմի (Հունգարիա, Գերմանիա, Շվեդիա) ցուցադրությունը, որը կպայքարի Երևանի «Ոսկե ծիրան» XI միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակի համար` համաշխարհային խաղարկայի ֆիլմերի մրցույթում:

«Սպիտակ աստված» ֆիլմը պատմում է 13-ամյա Լիլիի, նրա հոր և նրա շան`Հագենի փոխհարաբերությունների մասին: Հունգարիայում օրենք է ընդունվել, որը բարձր հարկեր է սահմանում ոչ զտարյուն ցեղատեսակի շուն պահելու համար: Չցանկանալով վճարել ավելորդ գումար` աղջկա հայրը դուրս է անում շանը տնից:

Ֆիլմը սկսվում է որպես բարի ընտանեկան կինո, և ոչինչ չի տրամադրում հանդիսատեսին իրադարձությունների անսպասելի շրջադարձի, որի հետ նա ստիպված կլինի բախվել:

Բարեսիրտ շունը ստիպված է լինում բառացիորեն պայքարել գոյատևելու համար. փրկվելով մսագործից` Հագենը քիչ է մնում հայտնվի թափառող շներ հավաքողների ձեռքում: Հագենին փրկում է մի թափառաշրջիկ, ով առանց մտածելու վաճառում է Հագենին մի մարդու, ով զբաղվում է շների մարտերի կազմակերպմամբ:

Մի քանի շաբաթ Հագենին պատրաստում են մենամարտերի` տանջանք, սով, ծեծ, ագրեսիա առաջացնող հատուկ դեղեր… Եվ մեր առջև միանգամայն այլ շուն է: Բարի շնիկից Հագենը վերածվում է մոլագար մի շան: Կադրերը, որտեղ Հագենը, սպանելով հակառակորդ շանը, կանգնում և լուռ նայում է նրան, պարզապես հանճարեղ են. ռեժիսորին ինչ-որ հրաշքով հաջողվել է փոխանցել շան «միմիկան» և «ապրումները»: Մեր առջև ոչ թե շուն, այլ իսկական «դերասան» է:

Նույն երեկո Հագենին հաջողվում է փախչել շների մենամարտեր կազմակերպողներից, սակայն ճակատագրի հեգնանքով նա, այնուամենայնիվ, հայտնվում է թափառող շներ հավաքողների մոտ, ովքեր հանձնում են նրան շների համար նախատեսված ապաստարան: Սակայն շան մոտ անվերջանալի ստորացումների և դաժան վերաբերմունքի պատճառով վրեժխնդրության զգացում է առաջանում: Հագենը հարձակվում է ապաստարանի վարիչի վրա և կրծելով նրա կոկորդը` սպանում  նրան: Նա փախչում է ապաստարանից` իր հետ տանելով հարյուրավոր շների: Քաղաքը ցնցում է ապրում, իսկ իշխանություններն արտակարգ իրավիճակ են հայտարարում:

Շոկն ու խուճապը ահագնանում են այն պատճառով, որ շներն իրենց կենդանու պես չեն պահում. նրանք, ասես, կազմակերպված հանցավոր խումբ լինեն, և սպանում են հատուկ նախատեսված ծրագրով: Նրանց զոհերը հերթականությամբ դառնում են այն մարդիկ, ովքեր տանջել են Հագենին. ոչ մի ավելորդ զոհ:

Եվ, վերջապես, գագաթնակետը. հասնում է Լիլիի և նրա հոր հերթը: Լքված գործարանի տարածքում` ամայի փողոցում, դեմ առ դեմ կանգնած են 13-ամյա աղջիկը, նրա հայրը և հարյուրավոր գազազած շներ: Ելքը պարզ է` Լիլիին և նրա հորը կսպանեն, սակայն աղջիկը հանկարծ հանում է շեփորն ու սկսում է մի մեղեդի նվագել, որը ժամանակին «օրորոցային» էր Հագենի համար:
Տպավորիչ եզրափակիչ կադրեր` գործարանի առջևի տարածքը լի է շներով, ովքեր հանգիստ երաժշտություն են լսում, իսկ նրանց «դեմքերին» տարակուսանք է ու ցավ, հնազանդություն և մարդկային դաժանությունը հասկանալ չկարողանալու  զգացողություն։

«Ոստիկանություն կանչե ՞մ», — հարցնում է գործարանի մոտեցող աշխատակիցը: «Նրանց գոնե մի փոքր էլ ժամանակ տուր»,- պատասխանում է Լիլիի հայրն ու պառկում է գետնին` շների առաջ: Վերջ…

Բոլորին հասկանալի է, թե ինչ կլինի հետո: Կժամանեն հատուկ ստորաբաժանումներն ու կգնդակահարեն բոլոր շներին, սակայն ռեժիսորը զերծ է պահում մեծ այդ տեսարանից:

«Սպիտակ աստված» ֆիլմը  (Fehér Isten) շատ ջերմ է ընդունել Կաննի 67-րդ կինոփառատոնի հանդիսատեսը: Կինոփառատոնի շրջանակում ֆիլմն արժանացել է «Հատուկ հայացք» մրցանակի:
Ռեժիսորի խոսքերով` իր ֆիլմն այլաբանություն է այն մասին, թե ինչպես են մարդիկ վերաբերվում փոքրամասնություններին` այդ հասկացության լայն իմաստով:

Երևանի «Ոսկե ծիրան» XI միջազգային կինոփառատոնը մեկնարկել է կիրակի Երևանում և կտևի մինչև հուլիսի 19-ը: Միջազգային խաղարկային ֆիլմերի հիմնական մրցույթում «Ոսկե ծիրանի» գլխավոր մրցանակի համար կպայքարեն Ռիչարդ Լինքլեյթերի «Պատանեկություն» (ԱՄՆ), Լևան Կոգուաշվիլու «Կույր Ժամադրություններ» (Վրաստան, Ուկրաինա), Ֆելիպի Բարբոսայի «Մեծ տունը» (Բրազիլիա), Ուբերտո Պազոլինիի «Նատյուրմորտ» (Մեծ Բրիտանիա, Իտալիա), Դիտրիխ Բրյուգեմանի «Խաչի ճանապարհ» (Գերմանիա), Աթանասիոս Կարանիկոլասի «Տանը» (Հունաստան, Գերմանիա), Թայֆուն Փիրսելիմօղլուի «Ես նա չեմ» (Թուրքիա, Հունաստան, Գերմանիա, Ֆրանսիա), Լիսանդրո Ալոնսոյի «Դրախտային երկիր» (Արգենտինա, ԱՄՆ, Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Մեքսիկա), Մատտեո Օլեոտտոյի «Զորանը՝ իմ ապուշ ազգականը» (Իտալիա, Սլովենիա) և Միրոսլավ Սլաբոշպիտսկու «Ցեղը» ֆիլմերը:

Այս տարվա «Ոսկե ծիրանի» կենտրոնական թեման համաշխարհային կինեմատոգրաֆի դասական Սերգեյ Փարաջանովն է, որին նվիրված են մի շարք միջոցառումներ:-0-