Գրախոսություն

«Սուպեր ՄԱՄԱ» ֆիլմի ստեղծողները որոշեցին հեծանիվ չհորինել և շեշտադրեցին այն, ինչ պահանջված է միշտ` հումոր, սեր, սյուժեի դրամատիկ շրջադարձեր` պարտադիր Happy end-ով: Կյանքը դժվար է և դաժան, և հանդիսատեսն ուզում է, որպեսզի իրեն ասեն` «Ամեն ինչ լավ է լինելու», ինչը և ասացին ֆիլմի ստեղծողները:

«Սուպեր ՄԱՄԱ» ֆիլմը արժանի և որակյալ շարունակությունն է զգեստափոխման հումորային ժանրի ավանդույթների, երբ գլխավոր հերոսը ստիպված է ժամանակավորապես զգեստափոխվել, հագնել կանացի հագուստ և իրեն ներկայացնել որպես կին` որոշակի նպատակների հասնելու համար: Այս ժանրի ամենավառ օրինակներն են «Ջազում միայն աղջիկներ են», «Թութսի», «Բարև, ես ձեր մորաքույրն եմ», «Միսսիս Դաութֆայեր» բոլորին հայտնի ֆիլմերը:

«Սուպեր ՄԱՄԱ» ֆիլմում հանդիսատեսը կգտնի այս ժանրին բնորոշ բոլոր տարրերը։ Այստեղ են անհաջողակ խաբեբա, թերուս դերասան Կարենը, ով զգեստափոխվում և դառնում է Կարինե (դերը մարմնավորում է Հայկ Մարությանը), բացասական հերոսը, ով ինքնասիրահարված դուրսպրծուկ է և ամեն վայրկյան «սելֆիներ» է անում (Գարիկ Պապոյան), գեղեցիկ և բարի Սոնան, ով աշխատում է միայնակ մայրերին օգնող կազմակերպությունում, ինչպես նաև համատեղությամբ հարուստ ժառանգ է (Անի Խաչիկյան) և ամենաերիտասարդ դերասան Արման Մարտիրոսյանը, ով շատ լավ մարմնավորել է Կարեն-Կարինեի կեղծ որդու կերպարը:

Սյուժեն սկսվում է այն պահից, երբ սեփական բնակարան չունեցող Կարենը, ում տնից դուրս է արել հերթական ընկերուհին և որին անընդհատ անհանգստացնում են վարկատուները, որոշում է բնակարան ձեռք բերել «Երջանիկ մայրիկ» կազմակերպության հաշվին, որը մրցույթ է հայտարարել միայնակ մայրերի համար: Կանացի զգեստ, բարձրակրունկ կոշիկներ, մի փոքր շպար, արկածախնդրության բավարար քանակ, և ահա Կարենը, ով դարձել է Կարինե, հայտնվում է Սոնայի առջև:

Սակայն կա մի խնդիր. կազմակերպությունը պահանջում է ներկայացնել երեխային և ունենալ աշխատանք: Թվում է, թե ամեն ինչ կորած է… Եվ ահա անչափահաս գողը, որը թռցնում է Կարեն-Կարինեի պայուսակը, գումարի դիմաց ժամանակավորապես դառնում է նրա «որդին», վարկատուներից խուճապահար փախչող Կարինեն տաքսու ծառայությունում դիսպետչերի աշխատանք է ստանում: Բնականաբար, դա հենց այնպես չի կատարվում, Կարինեին առաջին հայացքից սիրահարվում է այդ ծառայության հարուստ սեփականատերը:

Այնուհետև իրադարձությունները զարգանում են սրընթաց արագությամբ, իսկ ֆիլմի գագաթնակետը դասական Happy end-ի օրինակ է: «ԱՌԿԱ Style»-ը մաղթում է հաճելի դիտում նրանց, ովքեր պատրաստ են ռոմանտիկ ֆիլմի հերոսների հետ միասին հետևել սյուժեի բոլոր շրջադարձերին: -0-