Գրախոսություն

Ինչպես և ակնկալվում էր, մեծ էկրանին ողջ թափով ընթանում է Արշալույս Հարությունյանի «Սկոտչ & վիսկի» կատակերգական ֆիլմի կինոարշավը`  երիտասարդ դերասաններ Լուիզա Ներսիսյանի, Ռաֆայել Երանոսյանի, Արփի Գաբրիելյանի, Սոս Ջանիբեկյանի և մյուսների մի մեծ աստղաբույլի մասնակցությամբ։

Ու թեև Սոսը պնդում է, որ կատակերգությունը թեթև ժանր է, այդ պատճառով ֆիլմին պետք է մոտենալ պակաս քննադատորեն, եկեք համաձայնենք, որ կատակերգությունը, ինչպես և ամենասուր սոցիալական դրաման, գեղարվեստական արարման նույնպիսի արդյունք է և, հետևաբար, համակողմանի վերլուծության նույնքան կարիք ունի։ 

Ֆիլմը նկարահանված է Ջոն Բոլդի «Սիրահար գերիները» կինոնովելի հիման վրա։ Հիշեցնենք, որ երեք տարի առաջ Հարությունյանը բեմադրել էր «Սկոտչ և վիսկի»-ն Պետական կամերային թատրոնում, ինչի համար 2013 թվականին արժանացել էր «Արտավազդ» մրցանակի` «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում։ 

Անվանումը բառախաղ է, քանի որ սկոտչ են անվանում «շոտլանդական վիսկին», իսկ ֆիլմի համատեքստում պարզ է դառնում, որ խոսքը սովորական կպչուն ժապավենի մասին է, որը, ինչպես և վիսկին, ամբողջ ֆիլմի ընթացքում ֆիլմի հերոսների գլխավոր գործիքն է։ Այդ թեման հաջող խաղարկվում է ողջ ֆիլմում` վերնագրում, ենթագրերում, նախասրահի պաստառին և նույնիսկ մամուլի ասուլիսներին։ 

Ֆիլմի սյուժեն հետաքրքիր է, գրավիչ, պարզ, բայց ոչ պարզունակ։ Ընտանեկան զույգի կյանքում բեկումնային փուլ է սկսվում։ Ամուսնուն զզվեցնում է իրավաբան կնոջ մշտական զբաղվածությունը, հարաբերությունները սառում են, և արդյունքում միապաղաղությունից հոգնած ամուսինը որոշում է փախչել երիտասարդ սիրուհու հետ։ 

Կարծես` հարաբերությունների ճգնաժամի սովորական պատմություն, չբավարարված ամուսնու դավաճանություններ և անուշադիր կնոջ ողբերգություններ, բայց հայտնվում է անսովոր տարր, որը կրում է իմաստային և ոչ կատակերգական ամբողջ ուղերձը, և այդ տարրը մեղավոր ամուսնուն հնարավոր բոլոր միջոցներով «պահելու» անհաղթահարելի ցանկությունն է։ Եվ եթե բանավոր փաստարկները չեն լուծում հարցը, ապա դա անհրաժեշտ է անել ուղղակիորեն, ֆիզիկապես` հարվածելով վիսկիի շշով և կապելով ամուսնուն սկոտչով։ 

Եվ ինչու է նա այդպես վարվում։ Ոչ այնքան մենակ մնալու վախի, այլ նաև այն պատճառով, որ ընտանեկան ճգնաժամի մեղավորը զույգից միայն մեկը չէ և, որքան էլ հակասական հնչի, նույնիսկ ամուսիններից մեկի դավաճանության դեպքում երկուսն էլ ունեն մեղքի իրենց բաժինը։ Եվ կնոջ այդ անսանձ կամքը կատակերգությունը տեղ–տեղ դարձնում է հոգեբանական-դրամատիկ, երբեմն` աբսուրդային։ Առհասարակ ֆիլմում և հաստատ` սկզբնաղբյուրում, միահյուսված են կատակերգական սիթկոմի, հոգեբանական տրագիկոմեդիայի և նույնիսկ աբսուրդի թատրոնի ժանրային առանձնահատկությունները` Բենի Հիլլի սքեթչային ռեպրիզներից մինչև Բեքեթ և Էժեն Իոնեսկու։ 

Ի վերջո` ո՞րն է ֆիլմի թերությունը։ Կուլմինացիոն որոշ տեսարանների ոչ համոզիչ և ոչ բավարար լինելը, որտեղ վերաիմաստավորման կոնտրաստն ավելի համոզիչ կարող էր լինել։ Եվ մինչև վերջ հասկանալի չէ` արդյոք դա որոշ դերասանների դերասանական զինանոցի պակա՞սն է, թե՞ դա այն ոճային աբսուրդի այն մասն է, որը, ինչպես հայտնի է, եղանակ է հաղորդում ինչպես բովանդակությանը, այնպես էլ ձևին։ Ողջունելի էր գրագետ փրոդաքթ–փլեյսմենթը, որտեղ ռեկվիզիտը թեմատիկ էր և չճնշող, ինչն, իսկապես, հազվագյուտ երևույթ է տեղական կինոարտադրության համար։ 

Բայց ամենահաճելին այն է, որ ռեժիսորին և օպերատորին հաջողվել է գրեթե սերիալային ինտերիերով (հարուստ կալվածք, կաշեպատ կահույք, բարային սեղան, բարձր աստիճանավանդակ բազրիքներով և այլն) և դերասանական կազմով, որոնց մեծ մասն իր արվեստն է հղկել սերիալներում և թատրոնում, բայց ոչ մեծ կինոյում, ստեղծել ոչ սերիալային կադր` ոչ օճառային, կենդանի, դինամիկ։ 

Եվ հումորի ընտրված աստիճանը նույնպես պետք է դրվատել` այն, իհարկե, երգիծական–ինտելեկտուալ չէ (և դա տեղին չէր էլ լինի), բայց և հուրախություն մեզ` այնտեղ բացակայում է նաև, ցավոք, այսօր թրենդային դարձած ցածրորակ հոմերական քրքիջը։ Կայուն, կոլորիտային հումոր, որն, անկասկած, ոչ միայն սկզբնաղբյուրի, այլ նաև ողջ ստեղծագործական խմբի ձեռքբերումն է։ 

Այս պատմության ողջ «ճանապարհին», թատերական փոքր բեմից մինչև կինոյի մեծ էկրան, որքան էլ ծիծաղես, հիշողության մեջ մնում է գլխավոր հերոսուհու ջանքերի հաղթանակը և ամեն գնով պահելու ձգտումը։ -0-

Կարեն Ավետիսյան, հատուկ «ԱՌԿԱ Style»–ի համար