Գրախոսություն

Սուրբ Վալենտինի օրվա նախաշեմին Երևանում տեղի է ունեցել 2015 թ.–ի միգուցե ամենասպասված պրեմիերաներից մեկը։ Էկրան է բարձրացել «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմը, որ նկարահանվել է բրիտանացի տնային տնտեսուհի Էրիկա Լեոնարդ Ջեյմսի համանուն վեպի հիման վրա, ով 2013 թ.–ին գրքի շնորհիվ վաստակել է մոտ 95 մլն դոլար և «Forbes» ամսագրի կողմից ճանաչվել է ամենաբարձր վարձատրվող գրողը։

Ֆիլմը, որի պրեմիերան այս օրերին տեղի է ունեցել տարբեր երկրներում, այդ թվում Բեռլինի 65-րդ կինոփառատոնի շրջանակում, արժանացել է ամենահակասական արձագանքների ինչպես պրոֆեսիոնալների, այնպես էլ հասարակության կողմից։ Սակայն մեկ բան կարելի է հստակ ասել` պրեմիերան աննկատ չմնաց։

Իսկ ի՞նչը նման մեծ հետաքրքրություն առաջացրեց սադոմազոխիստական հակումներ ունեցող միլիարդատեր Քրիստիան Գրեյի և բանասիրական ֆակուլտետի համեստ ուսանողուհի Անասթեյշա Սթիլի բուռն փոխհարաբերությունների պատմության նկատմամբ, որոնց կերպարները մարմնավորել են իռլանդացի դերասան Ջեյմի Դորնանն ու ամերիկացի դերասանուհի Դակոտա Ջոնսոնը։ 

Առաջին հերթին, պատճառն անասելի տպաքանակով տարածված գրքի նկատմամբ հմտորեն առաջացրած և ակտիվորեն աջակցվող հետաքրքրությունն է։ Երկրորդը` ֆիլմի PR–արշավը, քասթինգի, Բեյոնսեի կողմից ձայնագրված սաունդթրեքի, ստեղծագործական գործընթացի մասին տեղեկատվության «արտահոսքի» և պարբերաբար հրապարակվող թիզերի մասին ԶԼՄ–ներում մշտապես շրջանառվող տեղեկատվությունը։

Այնուամենայնիվ, եթե չանդրադառնանք ֆիլմը գովազդելու այս բոլոր տեխնոլոգիաներին, ապա ի՞նչ է մեզ մնում։ Ակնհայտ են տնային տնտեսուհու չիրականացված երազանքներն այն մասին, որ անգամ ամենահամեստ և աննկատ աղջիկը կարող է հանդիպել արքայազնի (իհարկե ոչ թե ձիու վրա, այլ ուղղաթիռով կամ շքեղ մեքենայով), ինչպես նաև տղամարդու ամուր ուսին հենվելու էմանսիպացված կանանց ենթագիտակցական ձգտումը։ Եվ անգամ կարևոր չէ, եթե այդ տղամարդը ծանր ձեռք ունենա, ինչպես վկայում է ռուսական առածը` ապտակում է, ուրեմն սիրում է։ Բացի այդ, մարդիկ շատ բանի են ընդունակ հետաքրքրությունը բավարարելու և նոր զգացմունքներ փնտրելու համար, թեկուզ` էկրանին։ 

«Մոխրագույնի հիսուն երանգները» այն հազվադեպ դեպքերից է, երբ ֆիլմը, որն էկրանավորվել է գրքի բովանդակությանը շատ մոտ, միայն շահում է իրադարձությունների կրճատման հաշվին, էկրանին իրադարձությունները տեղի են ունենում ավելի դինամիկ, քան գրքի էջերին, հանդիսատեսն ազատված է մանկամիտ գլխավոր հերոսուհու դատողություններից։ Այնպես որ, ով չի հասցրել ընթերցել գիրքը, կարող է չմտահոգվել։ Դիտելով ֆիլմը` կարելի է սպանել միանգամից երկու նապաստակ։

Իսկ նրանց, ովքեր դեռ չեն որոշել` արդյո՞ք արժե դիտել ֆիլմը, կարելի է խորհուրդ տալ միայն մի բան`ավելի լավ է ափսոսալ կատարվածի համար, քան հակառակը։ Եվ բնավ էական չէ, եթե ֆիլմը ձեզ մոտ միայն ծիծաղ առաջացնի։ Չէ՞ որ այն երկարացնում է կյանքը, իսկ «Մոխրագույնի 50 երանգները» թույլ կտա հաճելի անցկացնել ձմեռային մեկ երեկո։ -0-