Գրախոսություն

«Նորա տակին սրածայր խեցիներ կան. Կամնասայլ է փռում ցեխի վերայ։ 
Անդունդը եռացնում է սանի պէս, եւ ծովը եփող սպեղանիքի է դարձնում։ 
Ետեւիցը ճանապարհը լոյսի է տալիս, անդունդը սպիտակած մազի պէս է երեւում»:
(Հոբ 41: 30-32)

 

Հին Ուխտում նկարագրված Լևիաթան ծովահրեշը, որի անունով կոչվել է Անդրեյ Զվյագինցևի ֆիլմը, հատել է Ատլանտյան օվկիանոսը և, հերթական մրցանակ նվաճելով արդեն ոչ թե Եվրոպայում, այլ ԱՄՆ-ում, վեճերի փոթորիկ է առաջացրել ինչպես հեղինակավոր կինոմատոգրաֆիստների, այնպես էլ Ռունետի օգտատիրական ֆորումներոմ: 

Այսպիսով, ի՞նչն է այդպես վշտացրել կինոքննադատներին: Ոմանք վրդովմունքով շտապել են ժապավենի ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևին ճանաչել ռուսական կինեմատոգրաֆի գլխավոր «ռուսաֆոբ», «արտհաուսային կոնյունկտուրայի ջատագով» և միջազգային կինոփառատոներին «քծնող» արևմտյան հակառուսական տրամադրությունների ֆոնին հայրենիքը սևացնելու միջոցով: 

Բայց Զվյագինցևի ստեղծագործական գործունեությունը, ժապավենի սյուժեն և հեղինակի նպատակն ավելի խորը դիտարկելիս` պարզ է դառնում, որ գոյություն ունի միայն մեկ մտադրություն և կողմնորոշիչ` ծածկող ճշմարտությունը: 

Ոչ հեռավոր 2007-ին «Արտաքսում» ֆիլմի նկարահանումների ավարտին հայտնի է մի դեպք, երբ Կաննի կինոփառատոնի հեղինակավոր ընտրող Ժոել Շապրոնը բացառիորեն խնդրել էր Զվյագինցևին հանել ֆիլմի ընդամենը մեկ վերջին տեսարանը, և այդ ժամանակ «Արտաքսումը» կդառնար անվանակարգի ֆավորիտ: Զվյագինցևը հրաժարվել էր` հաստատելով իր իրական և անզիջում հեղինակությունը` դրանով իսկ շատերի համար փակելով սեփական ստեղծագործական ձևականության և փառատոնային կոնյունկտուրայի թեման: 

Բայց վերադառնանք «Լևիաթանին»: Ֆիլմի դրդապատճառը Կոլորադո նահանգի եռակցող Մարվին Քիմեյերի պատմությունն է, ով իր արհեստանոցի տարածքի վերաբերյալ տեղական իշխանությունների հետ երկարատև վեճից հետո բուլդոզերով փլուզել էր 13 վարչական շենք, ինչից հետո ինքնասպանություն էր գործել:

Ահա, «Լևիաթանի» գլխավոր հերոսը` ավտոփականագործ Նիկոլայը, պայքարում է կոռումպացված քաղաքապետի հետ, ով պատրաստվում է խլել Կոլյայի ամբողջ համեստ ունեցվածքը, և կործանիչ պարտություն է կրում: Եվ եթե կոլորադացի եռակցողի դեպքում ակնհայտ էր ապստամբությունը և անհնազանդության վերջին ճակատագրական դրսևորումն ինքնասպանության առջև, ապա «Լևիաթանում» ավելի տարածված անելանելի զարգացման` համատարած սոցիալական և հոգևոր ֆիասկոյի ականատես ենք դառնում:

Եվ Զվյագինցևն անողոք է հեռուստադիտողի նկատմամբ այնպես, ինչպես անողոք է ինքը Լևիաթանը, իսկ ֆիլմում դրան մարմնավորում է անբարոյական քաղաքապետի տեսքով ներկայացված իշխանությունը, կոռումպացված և վարկաբեկված հոգևորականությունը, որը հովանավորում է չարին, կարծես, այլաբանական հիդրային գիտակցված ինդուլգենցիա տալով, ընդ որում` Աստծո անունից:

Աստված ֆիլմում հանդես է գալիս, ավելի շուտ, ոչ թե ուղղափառ, այլ նիցշեական մեկնությամբ, քանի պատմության սոցիալական մոդելում Նա պարզապես բացակա, մեռած է թվում, իսկ նրա փոխարեն ու նաև Նրա անունից «արդարադատություն են իրականացնում» տեղական անբարոյական ֆեոդալներն ու փարաջաներով կեղծ մեղավորները: 

Բազմաթիվ միամիտ հեռուստադիտողներ մանկական հարցադրումներ են կատարում` իսկ որո՞նք են դրական հերոսները: Պատասխանն ակնհայտ է` չկան դրական և բացասական հերսոներ, հասարակությունը, ըստ էության, ուրվագծվում է կիսաերանգներով, բարդ ու հակասական կերպարներով: Եվ այդ երանգներին բոլորն են ենթակա` կոլորադացի սոցիալական մարտիրոսից մինչև Պրիբրեժնի քաղաքի փոքր մարդ` ավտոփականագործ Նիկոլայը, ում դիմակայությունը դատապարտված է պարտության, քանի որ այլաբանական հրեշը չի խղճալու ոչ ոքի և թերևս անօգնական հակառակորդին անհավասար պայմաններոմ պայքարի իրավունք չի տալու:

Եզրափակիչ տեսարանը վերջաբանի հետ միահյուսված` Նիկոլայի տան ավերակների վրա կառուցած եկեղեցու առկայությամբ, որտեղ հնչում է հոգևորականի` դատավճիռ հիշեցնող քարոզով, եկեղեցու, որի մթնոլորտում մեղքն է կախված, չներված մեղքը, գոնե երկրի վրա չներված:

Երկիրը ֆիլմում ակնհայտ առանցքային դեր է խաղում` դա գեղեցկությամբ ցնցող և անտարբերության սառնությամբ սարսափեցնող բնությունն է: Բարենցի անողորմ ջրերի տագնապալի կադրերի ֆոնին անսպասելիորեն հայտնվում են կոմպոզիտոր Ֆիլիպ Գլասի երաժշտության հուզիչ ելևէջները, որոնք խորհրդանշում են հոգևոր քաոսն ու սոցիալական ապոկալիպսիսը:

Մեղադրել հեղինակին նրա համար, որ նա զրկեց հեռուստադիտողին հույսից, բավականին միամիտ է թվում: Ավելի խորն է թաքցված իմաստային կոդը և հեղինակի գաղտնագրած ազդակը, տագնապի ազդանշանը, որն աղաչում է զգոն լինել, զուսպ լինել, հանդարտվել` ոչ առասպելական, այլ միանգամայն երկրային ամենագո Լևիաթանի զոհ չդառնալու համար… -0- 
    
Կարեն Ավետիսյան` հատուկ «ԱՌԿԱ Style»-ի համար