Գրախոսություն

Երկիր մոլորակի ամենախդրահարույց տարածաշրջաններից մեկը՝ Չեչնիան, դարձավ շվեյցարացի ռեժիսոր Նիկոլա Բելուչիի վավերագրական հետազոտության նյութը:

Բելուչիի դիտակետից Չեչնիան երևում է կարծես միջուկային զենքի մի փորձադաշտ, որտեղ «պատերազմ» անունով ռադիոակտիվ պայթյունը ի հայտ է բերել կերպափոխումներ, որոնք չեն վրիպել հեղինակի դիպուկ աչքից։

Կեղեքիչ ընդվզումների թիրախ դարձած երկիրը թևակոխել է մի նոր փուլ, որում վերջապես իշխում է ֆորմալ խաղաղությունը: Սակայն ֆիլմի հեղինակին ավելի շատ հետաքրքրում է ոչ թե խաղաղությունը, այլ քաղաքացիական և հոգևոր ներդաշնակությունը, որի անդադար փնտրտուքներում է անցնում ամբողջ ֆիլմը:

Որոնումներում ռեժիսորին օգնության են հասնում կերպարները և հատկապես մի խումբ կանայք, ովքեր պատերազմի տարիներին իրականացնում էին վավերագրական նկարահանումներ, որոնք այլ քրոնիկների հետ միասին համախառնվում են Բելուչիի հետապոկալիպտիկ վավերագության հետ՝ ստեղծելով ցայտուն, պոետիկ, տեղ-տեղ գրոտեսկի հասնող համոզիչ հակադրություններ:

Հենց այդ գունեղ հակադրությունների վրա էլ հիմնված է ամբողջ ֆիլմը՝ թե՛ գեղագիտական և թե՛ բովանդակային տեսանկյունից՝ «ազնիվ» պատերազմ և նենգ խաղաղություն, դժոխային անցյալ՝ խավարչտին ապագա, հնամենի նահապետականություն՝ անհասկանալի գլոբալիզացիա:

Պարբերաբար հեգնող տեսախցիկը անվերջ որսում է ժամանակակից տարրերից ճառագող լավատեսությունը, որը վարկյան անց կասկածի տակ է դրվում հերթական հակադիր կադրաշարով, կամ ակամայից ֆիլմի հերոս դարձած մարդկանց վերլուծական մեկնաբանություններով՝ մերթ զուսպ, մերթ հուզառատ, մերթ կտրուկ, մերթ էլ անորոշ: Հեռվից անթերի թվացող բարեփոխված Գրոզնու կտավի վրա մանրադիտակի տակ իսկույն երևում են ճեղքերը, որոնք իրենց լավ ծանոթ պատկերը դարձնում են տարօրինակ, իսկ երբեմն՝ անճանաչելի:

Հեռվից անթերի թվացող բարեփոխված Գրոզնու կտավի վրա մանրադիտակի տակ իսկույն երևում են ճեղքերը, որոնք իրենց լավ ծանոթ պատկերը դարձնում են տարօրինակ, իսկ երբեմն՝ անճանաչելի: Ահաբեկչական մարտահրավերից մինչև լեռնային հարսանիք, հաշտարար կոնֆորմիզմից մինչև վրեժխնդիր հրահրում:

Մինչդեռ Գրոզնիում նվագվող բլյուզի ելևէջները հեռավոր անցյալից հնչեցնում են առայսօր մշտարդի վուդսթոքյան հուսաբեր կարգախոսները՝ «Պատերազմն ավարտվել է» և «Տու՛ր խաղաղությանը հնարավորություն»։

Պայմանականության կծիկից դուրս են գալիս անծայրածիր զուգահեռներ, որոնք գիտակցաբար խաչելով ռեժիսորը ստեղծում է մի յուրօրինակ չեչնական պոստմոդերն, որտեղ անցյալն ու ապագան տարանջատված են աղոտ և տարօրինակ սահմանագծով, որի վրայով լարախաղացի նման զգուշորեն անցնում է չեչնական ներկան: -0-

Կարեն Ավետիսյան` հատուկ «ԱՌԿԱ Style»-ի համար