Գրախոսություն

Հունվարի 15-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլիի թվով երկրորդ ռեժիսորական աշխատանքի՝ «Անկոտրումը» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2014-ի նոյեմբերին: 2015-ի հունվարի 15-ին ֆիլմը հանձնվեց նաև հայ հանդիսատեսի դատին: 

«Անկոտրումը»-ը կենսագրական դրամա է՝ հիմնված երկրորդ համաշխարհային պատերազմի իրական փաստերի վրա: Ֆիլմը պատմում է ամերիկացի օլիմպիական վազորդ Լուի Զամպերինի կյանքի ու ճակատագրի մասին:  Ֆիլմը Լուի Զամպերինիի պայքարի ու փրկության մասին է: Մարդ, ով անցել է երկրորդ համաշխարհային պատերազմի միջով, մեկուկես ամիս գոյատևել Խաղաղ օվկիանոսի վրա և տարել ճապոնական ճամբարի դաժանությունները:

Երիտասարդ հասակում Լուին սպորտում մեծ հաջողություններ է ունենում:  1936-ին նա մասնակցում է օլիմպիական խաղերին, բայց այստեղ հաղթանակ չի գրանցում: Լուին պատրաստվում է 1940-ի օլիմպիական խաղերին՝ նպատակադրվելով ռեկորդ սահմանել՝ չորս րոպեում վազելով մեկ մղոն: Սակայն նպատակին հասնել  նրան չի հաջողվում: Սպորտում ունեցած հաջող կարիերան ավարտվում է երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին: Զամպերինին ինքնակամ մեկնում է ճակատ՝ որպես օդաչու: Ինքնաթիռը վթարի է ենթարկվում և միայն երեք տղամարդ է փրկվում՝ հայտնվելով փոքրիկ լաստանավում՝ ցամաքից հեռու հազարավոր կիլոմետրեր: Նրանց հաջողվում է փրկվել իրենց վրա հարձակվող շնաձկերից, ճապոնական ահաբեկիչների բացած կրակից… նույնիսկ փոթորկի բարձրացրած հսկայական ալիքներին չի հաջողվում կոտրել այս երեք տղամարդու ապրելու անկոտրում կամքը: 47 օր օվկիանոսում գոյատևելով՝ ուժասպառ սովից ու ծարավից, նրանք ի վերջո տեսնում են ցամաքը, սակայն տեղյակ չեն, որ հայտնվել են ճապոնացիների ռազմագերիների ճամբարում: Լուին հայտնվում է համակենտրոնացման ճամբարում, որը ղեկավարում է ճապոնական սպա Մուցուխիրո Վատանաբեն, ով հայտնի էր իր սադիստական հակումներով: Ճամբարում գերիների տառապանքները համալրվում են ամենօրյա մարմնական պատիժներով: 

Ճապոնացի սպան որոշում է խաղալ գերիների հետ: Նա հրամայում է հազիվ ոտքի վրա կանգնող Լուիին  կանգնել և գլխի վրա պահել երկու մետրանոց ծանր գերանը՝ զգուշացնելով, որ եթե ձեռքից գցի գերանը, կրակեն նրան: Ամբողջ կամքը հավաքելով՝ Լուին մեկուկես ժամից ավելի կանգնում է ու պահում գերանը: Ամբողջ ճամբարը քար կտրած նայում է նրան: Լուին ոչ միայն չի հանձնվում, այլև ավելին՝ համառորեն շարունակում է նայել սպայի աչքերին: Վերջինս դրանից այնքան է կատաղում, որ ցասումից սկսում է վայրենաբար փայտով հարվածել Լուիին այնքան, մինչև նա անգիտակից ընկնի: 

Լուին մի կերպ է դիմանում այդ տառապանքներին ու գոյատևում մինչև ազատագրումը՝ 1945 թվականը:  Լուի Զամպերինին հաջողվում է իր երազանքն ի կատար ածել միայն 62 տարի անց: 1998-ին նա մասնակցում է Ճապոնիայում տեղի ունեցող օլիմպիական խաղերին՝ չնայած այն մեծ տառապանքներին, որ նա ունեցել է հենց այդ երկրում:

Ֆիլմում գլխավոր դերակատարը 24-ամյա Ջեք Օ’Քոնելն է, ով հանդիսատեսին հայտնի է «Ցատկ», «Դրախտային լիճ» ֆիլմերով: 

Դերասանն այնքան լավ էր խաղում դերը, իր առջև դրված առաջադրանքն այնքան լավ էր կատարում, որ հանդիսատեսը ֆիլմի ընթացքում ուղղակի ցանկություն էր ունենում նրան ազատել այդ տառապանքներից: Հանուն նկարահանումների դերասանը բավական նիհարել էր, դա ակնհայտ երևում է հատկապես այն հատվածում, երբ ճապոնական զինվորները գերության ժամանակ լողացնում են նրան: Իր դերը հրաշալի է խաղում նաև Տակամաս Իսիխարը, նրան հաջողվեց ստիպել հանդիսատեսին ատել իրեն:  

Գլխավոր հերոս Լուի Զամպերինին մահացել է 2014-ի հուլիսին՝ 97 տարեկան հասակում՝ չհասցնելով տեսնել իր մասին նկարահանված ֆիլմը: «Ինձ բախտ է վիճակվել ընկերություն անել Լուիի հետ: Նա դարձավ իմ հերոսը,- ասել է Ջոլին,- ես հասկացա, թե իմ և իմ երեխաների սերունդը ինչ պետք է սովորի ավագ սերնդից»: Ջոլին խոստովանել է, որ փորձել է հասկանալ, թե ինչպես կարելի է անցնել այդքան տառապանքների, բազմաթիվ փորձությունների միջով ու այդ ամենից դուրս գալ չչարացած, ավելին՝ շարունակել սիրել ու ներել մարդկանց: 

Ֆիլմը  ուղղակի հերոսի կյանքի մասին չէ, այլ ոգու ուժի, կյանքի նկատմամբ զարմանալի կամքի մասին է: Ջոլիին իսկապես հաջողվել է ստեղծել պատերազմի մթնոլորտ: Հայ հանդիսատեսն այնքան էր տարվել ֆիլմով, որ որոշ հատվածներում նրանցից շատերի աչքերում արցունքներ էին նկատվում: Դահլիճում գտնվող երիտասարդներից մեկը հիացած էր ֆիլմով, սակայն ինչպես ինքը խոստովանեց չգիտեր, որ ֆիլմի ռեժիսորը Անջելինա  Ջոլին է: 

«Անկոտրումը» դիտելը այնքան էլ հեշտ չէ: Բավական ծանր ֆիլմ է: Սցենարական տեքստն այնքան էլ շատ չէր, չկային երկար երկխոսություններ կամ մենախոսություններ, փոխարենը տպավորիչ ու ազդեցիկ տեսարաններ էին, բարդ նկարահանումներ, ռեժիսորական լուրջ աշխատանք:  2 ժամ 14 րոպե տևողությամբ ֆիլմը ստիպում է հանդիսատեսին զգալ գլխավոր դերը խաղացող դերասանի կյանքի բոլոր դժվարությունները»,- «ԱՌԿԱ Style»-ի հետ զրույցում ասաց հանդիսատես Աննա Մկրտչյանը: -0-