Գրախոսություն

«Շերլոկ Հոլմսից» հետո, քանի դեռ հասարակությունը սրտատրոփ սպասում է Արթուր Արքայի մասին պատմող ֆիլմին, բրիտանացի ռեժիսոր Գայ Ռիչին լայն լսարանին է ներկայացրել «Ա.Ն.Ք.Լ. գործակալները» լրտեսական մարտաֆիլմը, որը հիմնված է 1960–ական թվականների համանուն սերիալի վրա։ 

Հայտնի է, որ ի սկզբանե ֆիլմը պետք է նկարահաներ Սթիվեն Սոդերբերգը, սակայն այդ ծրագրերը չէին կարող իրականանալ ինչպես ֆինանսական (ֆիլմի բյուջե), այնպես էլ ստեղծագործական (դերասանների ընտրություն) տարաձայնությունների պատճառով։ 

Այսպիսով, ռեժիսորի «գահին» հերթական անգամ բազմեց անտլանտյան Ռուբիկոնը բազմիցս հատած Ռիչին` սև կատակերգությունների և քրեական դրամաների բրիտանացի Կեսարը` միանգամայն համահունչ Գայ անունով։ 

«Գործակալների» սյուժեն ծավալվում է սառը պատերազմի ժամանակներում։ Գլխավոր հերոսները` ԿՀՎ գործակալ Սոլոնը (Հենրի Քավիլլ) և ՊԱԿ գործակալ Կուրյակինը (Արմի Համմեր) մի կողմ են դնում միմյանց միջև եղած թշնամանքը և միավորվում են մեկ տանդեմում։ Նրանք ունեն ընդհանուր առաքելություն` դադարեցնել միջուկային զենք տարածել փորձող միջազգային հանցավոր կազմակերպության գործունեությունը և դրանով իսկ փրկել աշխարհն ու թույլ չտալ, որ կինոնկարը արկածային մարտաֆիլմից վերածվի աղետ–ֆիլմի։ 

Սկզբում գլխավոր հերոսները դիտարժան մարտի են բռնվում և ցուցադրում են այնպիսի ճարպկություն, արագություն և մարտական ստեղծարարություն, որը թվում է` վեր է մարդկային հնարավորությունների սահմանից։ Նրանց պայքարը հիշեցնում է Т 800 (Առնոլդ Շվարցենեգեր) և Т 1000 (Ռոբերտ Պատրիկ) քեմերոնյան դասական տերմինատորների դիմակայությունը։ Այսպես, հետապնդման տեսարանում սևահերը (Սոլո) մեքենայում պաշտպանում է կնոջը, իսկ շագանակահերը (Կուրյակին) հետապնդում է ավտոմեքենան` վազելով հասնելով նրան։   

Սա է հենց Ռիչիի գրեթե ուղիղ և բացարձակապես գիտակցված կինոհղումը ժանրի անմահ դասականությանը։ 

Սակայն ռուս սուպերհերոս Կուրյակինը, որին ամերիկացին պարզապես անվանում է «Բոլշևիկ», ոչ միայն ուժեղ է, այլև սրամիտ և սեքսուալ։ Եվ դրանով Ռիչին կոտրում է ռուս հերոսի մասին արևմտյան կինոկարծրատիպը բազմաթիվ շտամավորված «իվան» դրագոներից (Դոլֆ Լունգրեն «Ռոկի IV») և դանկոներից (Առնոլդ Շվարցենեգեր «Կարմիր տապ») հետո։

Իսկ ամերիկացի սուպերհերոս Սոլոն, որին ռուսն ի պատասխան կոչում է «Կովբոյ», էլեգանտ է, ժպտերես, հաճախ նրա սպին հիշեցնում է վիրավոր Պիրս Բրոսնանին բոնդիանայի լավագույն ավանդույթներում։ 

Ընդհանրապես, ֆիլմը շատ ընդհանուր բան ունի բոնդյան ֆիլմերի հետ, և եթե կինոդիտման ժամանակ մեկ րոպե հեռանանք իրականությունից, ապա միանգամայն կարելի է համոզվել, որ սա հենց հերթական լրտեսական մարտաֆիլմն է` բոլորի կողմից սիրված երրորդ դասի կապիտանի մասին։ 

Սակայն կարելի՞ է, արդյոք, օգտագործել «հերթական» միջակ բառը, երբ ֆիլմը ստեղծվել է մեծն Գայ Ռիչիի կողմից։ Խնդիրն այն է, որ ռեժիսորը, ով ժամանակին ստեղծել է վառ և հիշարժան ձև, ավելի շատ է հեռանում դրանից` թողնելով միայն առանձին տեսարաններ։ 

Միայն դրանք են հիշեցնում վարպետի ձեռագիրը, ըմբոշխնելով դրանք հիացմունքով և միաժամանակ կարոտով, դահլիճից ուզում ես բղավել. «Ահա Գայ Ռիչին»։

Ի ուրախություն նրա գեղագիտության իսկական երկրպագուների` այս ֆիլմում հիշարժան պահեր, անշուշտ, կան։ Սակայն ուրախության հետ միասին առկա է նաև ափսոսանքը, քանի որ դրանք ընդամենը պահեր են, այլ ոչ թե ամբողջական հայեցակարգ, ինչպես «Մեծ խաղագումար» կամ «Խաղաքարտեր, փող, երկու հրազեն» ֆիլմերում է։ 

Սակայն Ռիչիին ամենաբնորոշը երաժշտական գծի հիանալի զգացումն է։ Հնչում են, ինչպես միշտ, հիասքանչ, դյութիչ սաունդթրեքեր, և ցանկանում ես գտնել դրանց հեղինակներին մինչև կինոդիտման ավարտը։

Հյու Գրանտի ակնթարթային հայտնվելն ու երկխոսություններում հնչող անգլիական ոճի սրամտությունները, ցավոք, միայն անուղղակիորեն են հիշեցնում այն մասին, որ ֆիլմը ստեղծվել է բրիտանացու կողմից։ Մնացած դեպքերում դա զուտ հոլիվուդյան ֆիլմ է, թեև դրա դրսևորման ոչ վատ իմաստով։ 

Արդյունքում, «Ա.Ն.Ք.Լ. գործակալները» բնավ էլ վատ ֆիլմ չէ, սակայն երբեմնի nonconformist Գայ Ռիչիի համար սա, անշուշտ, փոխզիջում է։ -0-

Կարեն Ավետիսյան, հատուկ «ԱՌԿԱ Style»–ի համար