Կինո

1935 թվականին բացվեց հայկական կինոարվեստի նոր էջը։ Այդ տարի նկարահանվեց հայկական առաջին հնչյունային ֆիլմը` «Պեպոն»։ Եվ ինչն է զարմանալի` արդեն ճիշտ 80 տարի է, որ այդ ժապավենն անընդհատ հայտնվում է մեր էկրաններին։ Ֆիլմի ստեղծողներից ոչ ոք արդեն ողջ չէ, իսկ այն ապրում է և չի հնանում։ Այն անթաքույց հաճույքով են դիտում հեռուստադիտողների մի քանի սերունդներ։ 

Ֆիլմի գաղափարի հեղինակը Համո Բեկնազարյանն էր, որն էլ կյանքի կոչեց այն։ Նա հավաքել էր հիանալի ստեղծագործական խումբ, այդ թվում` հայկական թատրոնի և կինոյի հայտնի դերասանների` Հրաչյա Ներսիսյան, Ավետ Ավետիսյան, Հասմիկ, Դավիթ Մալյան, Արմեն Գուլակյան, Նինա Մանուչարյան։ Տեսախցիկի ետևում  «Մոսֆիլմի» հայտնի օպերատոր Դմիտրի Ֆելդմանն էր, իսկ կնոջ գլխավոր դերը կատարել է Անդրկովկասում համր կինոյի հայտնի դերասանուհի Տատյանա Մախմուրյանը։ «Պեպո» ֆիլմի երկարակեցության, նկարահանումների ընթացքի և ֆիլմի դերասանների ստեղծագործական ճակատագրի մասին «ԱՌԿԱ Style»–ին  պատմել է Դմիտրի Ֆելդմանի և Տատյանա Մախմուրյանի դուստրը` Ելիզավետա Ֆելդմանը։

– Տիկին Ֆելդման, Ձեր ծնողները «Պեպոյի» նկարահանումների մեկնարկի պահին որոշակի ստեղծագործական ուղի էին անցել։ Նրանք հանդիպել և ծանոթացել են ֆիլմի նկարահանումների ժամանա՞կ։  

Ե. Ֆելդման – Օպերատոր Դմիտրի Ֆելդմանի անունն այդ ժամանակ արդեն հայտնի էր։ Նա մի շարք գեղարվեստական ժապավեններ էր նկարել, օրինակ` «Ուրվականը, որը չի վերադառնում»` ռեժիսոր Աբրահամ Ռոոմի հետ, «Խաղաղ Դոնը» (առաջին էկրանավորումը)` ռեժիսորներ Օ. Պրեոբրաժենսկայայի և Ի.Պրավովոյի հետ, «Պետերբուրգյան գիշեր»` ռեժիսոր Գրիգորի Ռոշալի հետ։ Վստահորեն կարելի է ասել, որ նա կինոպատկերման նորարար էր։ Նա առաջինն էր, որ սկսեց նկարել ընթացքի ժամանակ` տեսախցիկը ձեռքին շարժվելով դերասանի հետևից. չէ՞ որ, մինչ այդ տեսախցիկը կինոյում անշարժ դիրքում էր։ 

Տատյանա Մախմուրյանը սկսել է նկարահանվել կինոյում 18 տարեկանից` դեռևս 20–ականների վերջի հայկական կինեմատոգրաֆիայի արշալույսին։ Նա էկրանին ստեղծել է մեր ժողովրդին մոտ և բնորոշ երիտասարդ, գեղեցիկ, համեստ հայ կնոջ հավաքական կերպարը, որն իր կատարյալ մարմնավորումն է գտել Կեկելի կերպարում` «Պեպո» ֆիլմում, որը նկարահանվել է դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի համանուն պիեսի հիման վրա։

Ֆելդմանի և Մախմուրյանի հանդիպումը մի քանի պատահական համընկնումների շարք էր։ Մոսկվայից Երևան գնացքն այն տարիներին գնում էր Բաքվի տարածքով։ Եվ հենց այնտեղ օպերատոր Ֆելդմանի վագոն մտավ երիտասարդ դերասանուհի Տատյանա Մախմուրյանը, ով մեկնում էր Կեկելի դերի համար փորձերի։ Տեսնելով  կինոխցիկի պատյանը` նա կարծեց, որ իր ուղեկիցը երկաժիշտ է, սակայն զրույցի ընթացքում պարզվեց, որ երկուսն էլ կինոյի բնագավառից են, երկուսն էլ ուղևորվում են Երևան` «Պեպո» ֆիլմի նկարահանումներին։ 

– Ձեր ծնողները, հավանաբար, պատմել է Ձեզ այն մասին, թե ինչպես են ընթացել ֆիլմի նկարահանումները… 

Ե. Ֆելդման – Այո, «Պեպոն» նկարահանվում էր մեծ թափով, և նկարահանումների աշխարհագրությունը բավականին լայն էր։ Բնության տեսարանները նկարահանում էին Երևանում և Թբիլիսիում, իսկ տաղավարային նկարահանումները հիմնականում ընթանում էին Մոսկվայի «Մոսֆիլմ» կինոստուդիայում։ 

Երևանում Սուրբ Սարգիս եկեղեցու առջև մեծ ազատ տարածքում շուկա էր կառուցվել` մրգի շարքեր և տաղավարներ, Զիմզիմովի առևտրային տունը, Դարչոյի կտորեղենի տաղավարը և Դուլուլիի «фирма существует ВСЭГДА»։ Զանգվածային տեսարանները տոն էին երևանցիների համար։ Սիրված դերասաններին ճանաչում էին։ 

Թբիլիսիում Քռի վրա նավակով նկարահանումներն ընթանում էին մեծ բազմության ուղեկցությամբ։ Իսկ ինչքան ուտելիք են կերել ու գինի խմել Հավլաբարի դուքաններում` թիֆլիսցի կինտոների կյանքի մեջ ընկղմվելու համար…

Մոսկվայի կինոստուդիայում, որտեղ ընթանում էին տաղավարային նկարահանումները, բոլորը թողնում էին աշխատանքը և հավաքվում «Պեպոյի» նկարահանման հրապարակի շուրջ` ուսումնասիրելու արևելյան էկզոտիկան։ Այն տարիներին ձայնը համաժամանակյա էր ձայնագրվում, ինչի պատճառով դրվագը նկարահանվում էր առանց ընդհատման` ամբողջությամբ։ Այդ պատճառով էլ հենց նկարահանումներն էին չափազանց հետաքրքիր` պարահանդեսը Զիմզիմովի տանը, Կեկելի նշանադրությունը, բաղնիքի տեսարանը։ 

Երբ հայրս և մայրս սկսում էին պատմել «Պեպոյի» նկարահանումների մասին, նրանց դեմքերը պայծառանում էին, աչքերը` փայլում, և ես հասկանում էի, որ դա նրանց կյանքի ամենաերջանիկ ժամանակն էր։ Հայրս նայում էր մորս խցիկի օբյեկտիվի միջով և կինոդիմանկարի հրաշքներ գործում։ Ժանյակների նուրբ ստվերը դեմքին` եկեղեցու վառվող մոմերի` փոքր-ինչ մշուշոտ ֆոնին։ Դեմքի կլորավուն ուրվագիծը և ամաչկոտ ժպիտը, որը թաքնված էր շուրթերի ծայրերին նշանադրության տեսարանում։ Եվ, վերջապես, առաքինության մարմնավորում բաղնիքում։ Խցիկը սլանում է մերկ մարմնի վրայով` կանգ առնելով դեմքին, իսկ այնուհետև փոքրիկ ոտքի վրայով` շարունակելով շարժումը դեպի մարմարե հատակը։ 

Ֆիլմի հերոսների դիմանկարներն այնքան վառ ու տիպիկ էին, որ դարձել էին, կարծես, դերասանների երկրորդ «ես»–ը։ Զուր չէ, որ մարդիկ, ճանաչելով նրանց, հաճախ կոչում էին հերոսների անուններով։ Հիշում եմ` մայրիկին հաճախ սիրալիր հարցնում էին. «Կեկել ջան, ո՞նց ես»։ 

– Իսկ ինչպե՞ս հանդիսատեսն ընդունեց ֆիլմը։ 

Ե. Ֆելդման – «Պեպոյի» պրեմիերան կայացավ Երևանի «Ֆլորայի» այգու մոտակայքում գտնվող դահլիճում։ Մարդիկ գալիս էին պաստառներով, գրություններով։ Մայրիկը պատմում էր, որ օդն անգամ, ասես, ներծծված էր  ուրախալի սպասումով, իսկ ցուցադրությունից հետո մեկ ժամվա ընթացքում ոչ ոք չէր հեռանում, և ծափահարությունները չէին դադարում։ 

Իսկ Թբիլիսիում ժողովուրդը գնում էր ֆիլմը դիտելու հանդիսավոր կերպով` գինով և մրգերով, երաժշտությամբ և երգերով։ Սեանսների ժամանակ էկրանային հերոսների հետ միջանցքներում երգում և պարում էին իսկական կինտոները։ «Պեպոյի» երգերը միանգամից ժողովրդական դարձան, և մարդիկ հաճախ մոռանում էին, որ ֆիլմի երաժշտության հեղինակը երիտասարդ, ապագա մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն էր։

– Ո՞րն է, ըստ Ձեզ, «Պեպոյի» երկարակեցության գաղտնիքը։

Ե. Ֆելդման – «Պեպո» ֆիլմը Հայաստանի կայացման խորհրդանիշներից մեկն է։ Այդ ժապավենի ստեղծումը, աշխատանքային գործընթացը հերոսապատում դարձավ ոչ միայն ֆիլմի մասնակիցների, այլ նաև ողջ հայ ժողովրդի համար` այդպիսի ֆենոմեն կար այդ տարիներին։ Նախորդ հարյուրամյակի 20-30–ական թվականները, իմ կարծիքով, հատկանշական ժամանակաշրջան էր Հայաստանի համար, որը նոր էր սկսում ստեղծել իր մշակույթը, իր կյանքը` կորուստների ողբերգական տարիներից հետո։ 

Սկսվել էր 19–րդ դարի հայկական կրթված ընտանիքներից սերած  ստեղծագործական և գիտական մտավորականության ներհոսքը դեպի երկիր։ Նրանց թվում էին ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը, նկարիչ Մարտիրոս Սարյանը, քանդակագործներ Արա Սարգսյանը, Երվանդ Քոչարը, արվեստաբան Ռուբեն Դրամփյանը, ինժեներ Հովսեփ Տեր–Աստվածատուրովը և շատ ուրիշներ։ Այդ ֆենոմենը երկար չտևեց… Բայց այն, ինչ ստեղծեցին այդ մարդիկ, մնաց մեզ և հաջորդ սերունդներին` որպես ժառանգություն և պատգամ։ 

Այդ մարդկանց թվին է պետք դասել նաև ռեժիսոր Համո Բեկնազարյանին։ Գալով Անդրկովկաս` նա նվիրեց իրեն կինոմատոգրաֆիային։ Սկզբում Թբիլիսիում, այնուհետև` Երևանում, նա մի քանի համր ֆիլմ նկարահանեց։ Երևանյան կինոստուդիան իր հիմնադրմամբ և սկզբնական բարձր մակարդակով պարտական է նրա տաղանդին և էներգիային։ 

Բեկնազարյանը պատահական չէր էկրանավորման համար ընտրել Սունդուկյանի «Պեպո» պիեսը։ Այն միշտ լեփ–լեցուն դահլիճներ էր հավաքում և հաջողությամբ ներկայացվում հայկական թատրոնի բեմում` ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Երևանում։ Իսկ այժմ այն հնչեց նաև էկրանից։ Ժամանակի հետ հեռանում էին ֆիլմի ժամանակակիցները և դրա մասնակիցները։ Տարիներ անց «Պեպոն» արժանի տեղը զբաղեցրեց հայ կինոարվեստի պատմության մեջ։

– Ինչպե՞ս դասավորվեց Ձեր ծնողների ճակատագիրը «Պեպոյից» հետո։ 

Ե. Ֆելդման – «Պեպո» ֆիլմից հետո Ֆելդմանը վերադարձավ «Մոսֆիլմ», ուր նրան հրավիրել էր ռեժիսոր Յուլի Ռայզմանը` «Վերջին գիշեր» ֆիլմի նկարահանումների համար։ Այդ ժապավենը դարձավ նրա նկարահանած վերջին ֆիլմը «Մոսֆիլմում»։ 1937 թվականն էր, Մոսկվայում նրա ծնողները մնալու հնարավորություն չունեին։ Սկսվեց նրանց «Անդրկովկասյան ոդիսականը»` նրանք աշխատեցին Բաքվի, Երևանի, Թբիլիսիի կինոստուդիաներում։ Հաջորդ 15 տարիներին Ֆելդմանը նկարահանեց այնպիսի ժապավեններ, ինչպիսիք են «Սաբուհի», «Առավոտ» (Բաքու), «Դավիթ Բեկ», «Լեռնային լճի գաղտնիքը», «Երկրորդ քարավան» անավարտ ֆիլմը (Երևան), «Դավիթ Գուրամիշվիլի», «Փուշ», «Օթարի այրին»  (Թբիլիսի)։ 

Դմիտրի Մոիսեևիչն առաջինն է կինոյում նկարահանել Լյուբով Օռլովային, նրա տեսախցիկը նկարել է դերասաններ Օլգա Ժիզնևային, Էմմա Ցեսարսկայային, Գրիգորի Աբրիկոսովին, Վերիկո Անջափարիձեին, Լիա Էլիավային։ Ֆելդմանի կյանքը ողբերգական ավարտ է ունեցել Արման Մանարյանի «Արտիստը» ֆիլմի նկարահանումների ժամանակ (Հայֆիլմ)` Ալեքսանդր Շիրվանզադեի համանուն վիպակի հիման վրա Օդեսայում 1963 թվականին։ «Արտիստը» ֆիլմն էկրան չբարձրացավ։ 

«Դավիթ Բեկ» ֆիլմում Գայանեի դերը մարմնավորելուց հետո Տատյանա Մախմուրյանի ընտանիքը մեկնեց Երևանից, իսկ Թբիլիսիի և Բաքվի կինոստուդիաներում նրան չէին առաջարկում նկարահանվել։ 35 տարեկանում` գեղեցկության և դերասանական ունակությունների բարձրակետում, նա մնաց կինոարտադրությունից դուրս։ Հայկական կինոյի վառ աստղն այլևս էկրաններին չհայտնվեց։  

Սակայն Մախմուրյանն իր կյանքի բոլոր տարիներին արվեստի ոլորտում էր։ Նա էքսկուրսավար էր Պատկերասրահում, կարգի էր բերել թանգարանային քարտադարանը, որի հիման վրա կազմել էր Հայկական պատկերասրահի ամբողջական կատալոգը։ Իսկ 1965 թվականից Մախմուրյանն աշխատել է Նկարչի տանը, դարձել գեղարվեստական ցուցահանդեսների վարպետ։ Տատյանա Լվովնան հայ նկարիչների ցուցադրություններ է կազմակերպել Խորհրդային Միության ցուցասրահներում, Հայաստանում և այլ երկրներում, պատրաստում էր այդ ցուցահանդեսների գրքույկներ և կատալոգներ։ Իսկ նկարիչների հետ նա ուներ ամենաջերմ հարաբերություններ։ Նրա ընկերների թվում էին Լավինիա Բաժբեուկ–Մելիքյանը, Մինաս Ավետիսյանը, Ռոբերտ Էլիբեկյանը, Ալեքսանդր Գրիգորյանը, Հովհաննես Շարամբեյանը, Հենրիխ Մամյանը, ինչպես նաև Մարտիրոս Սարյանը, Մարիամ Ասլամազյանը, Բաբկեն Քոլոզյանը, Հակոբ Կոջոյանը։ 

Իսկ կինո նա, այնուամենայնիվ, վերադարձավ… Սկզբում դա Սերգեյ Բաբայանի «Սիրամարգի ճիչը» ֆիլմն էր։ Իսկ 1987 թվականին հայտնի ռեժիսոր Էդմոնդ Քյոսայանը Մախմուրյանին հրավիրեց «Համբարձում» ինքնակենսագրական ֆիլմում իր տարեց մոր դերը մարմնավորելու։ Այսպես, «Պեպոյից» 50 տարի անց դերասանուհի Մախմուրյանը կրկին հայտնվեց էկրաններին։ Ամբողջ նրա կյանքն անցավ արվեստում։ Նա սկսեց և ավարտեց Դերասանուհու իր 60 տարվա ուղին։ -0-