Պատմական փաստերը խեղաթյուրելու համար «Ցենտրալ փարթներշիփ» կինոընկերությունը վարձույթից հանել է հոլիվուդյան «Համար 44» ֆիլմը, որը պատմում է 1950-ականներին ԽՍՀՄ–ում երեխաների`իրար հաջորդած սպանությունների հետաքննության մասին, հայտնում է Top.rbc.ru–ն։

Կանխատեսումների համաձայն` ֆիլմի ստացած շահույթը կարող էր 50 մլն ռուբլի կազմել, որը կինոընկերությունը կկիսեր կինոթատրոնների ու իրավատեր հանդիսացող Lionsgate ընկերության հետ։

Մշակույթի նախարարության հրապարակած հաղորդագրության մեջ նշվում է, որ գերատեսչությունը մի շարք հարցեր է ստացել ֆիլմի բովանդակության առնչությամբ, որոնք առաջին հերթին վերաբերել են Համաշխարհային պատերազմի տարիներին և դրան հաջորդած ժամանակահատվածում գրանցված պատմական փաստերի ու իրադարձությունների խեղաթյուրմանն ու ինքնատիպ մեկնաբանություններին, ինչպես նաև` «պատմական այդ ժամանակաշրջանում ապրող խորհրդային քաղաքացիների կերպարներին ու բնավորությանը»։

«Համար 44» ֆիլմի պրեմիերան նախատեսված էր ապրիլի 17-ին։ Ֆիլմերի վարձույթով զբաղվող ընկերությունների և Մշակույթի նախարարության ներկայացուցիչների կարծիքը համընկել է` Հաղթանակի 70-ամյակի նախաշեմին նման ֆիլմի ցուցադրությունը պարզապես անթույլատրելի է։ -0-