Կինո

Հուլիսի 12–ին մեկնարկած «Ոսկե ծիրան» XII միջազգային երևանյան կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունն անցկացվեց շաբաթ օրը` հուլիսի 18-ին։

Ավանդույթի համաձայն, փակման արարողությունը մեկնարկեց կարմիր գորգից։ Միջոցառման կազմակերպիչներն ու պատվավոր հյուրերը` կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կինոփառատոնի պատվավոր նախագահ Լևոն Սարգսյանը, փառատոնի պատվավոր հյուր, աշխարհահռչակ դերասանուհի Նաստասյա Կինսկին, կարմիր գորգի վրայով քայլեցին դեպի դահլիճ։

Հանդիսատեսի համակրանքի մրցանակին արժանացավ գերմանացի ռեժիսոր Մարկ Բրումունդի «Սրբարան» ֆիլմը։ «Սա իմ առաջին գեղարվեստական ֆիլմն է։ Ես շատ շնորհակալ եմ պարգևի համար»,– մրցանակը ստանալիս ասաց Բրումունդը։ 

Սիռո Գեռայի «Օձի գրկում» կոլումբիական ֆիլմը «Ոսկե ծիրանի» հաղթող դարձավ «Խաղարկային կինո» անվանակարգում։ «Արծաթե ծիրանը» նույն անվանակարգում ստացավ հարավկորեացի ռեժիսոր Կիմ Դե-հուանի «Ձմռան վերջը» ժապավենը։

Ժյուրիի հատուկ մրցանակին արժանացավ Խայրո Բուստամանտեի «Իշկանուլ» ֆիլմը։ Լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում հաղթեց ռեժիսոր Սիմոնե Ռաիպզարդայի (Կանադա/Իտալիա) «Իմաստի ստեղծումը» ֆիլմը, իսկ երկրորդ մրցանակը ստացավ ռեժիսոր Ժան-Գաբրիել Պերիոյի (Ֆրանսիա/Գերմանիա/Շվեյցարիա) «Գերմանական երիտասարդություն» ֆիլմը։

Կարճամետրաժ ֆիլմերի  «Կորիզ» մրցույթում հաղթող դարձավ գերմանացի ռեժիսոր Պատրիկ Ֆոլռաթի «Ամեն ինչ լավ կլինի» ժապավենը։ Ռեժիսորի փոխարեն մրցանակն ընդունեց Հայաստանում Գերմանիայի դեսպանը, ով խոստովանեց, որ ծիրան շատ է սիրում։

Ի դեպ, այս տարի հաղթողները, պատվոգրերից և դրամական հավաստագրերից բացի, նաև ծիրանով լի զամբյուղներ ստացան։

«Հայկական համայնապատկեր» մրցույթում լավագույն կարճամետրաժ ֆիլմ ճանաչվեց ռուս ռեժիսոր Աննա Գորոյանի «Բժիշկը» ֆիլմը, իսկ լավագույն վավերագրական ֆիլմ` Արման Երիցյանի «Մեկ, երկու, երեք» ֆիլմը (Հայաստան/Նորվեգիա/Գերմանիա)։ Խաղարկային ֆիլմերը մրցանակ չստացան։

Հանդիսավոր արարողության ժամանակ Աննա Գորոյանը խոստովանեց, որ «Ոսկե ծիրան» փառատոնը հատուկ նշանակություն ունի։ «Շնորհակալություն Հարություն Խաչատրյանին փառատոնը կազմակերպելու համար։ Հարուստ ծրագրերից և կովկասյան խնջույքներից բացի, նա կարողացավ այնպես անել, որ բոլոր հյուրերն իրենց ուշադրության կենտրոնում զգացին»,– ասաց Գորոյանը։

Հրանտ Մաթևոսյանի անվան հատուկ մրցանակը լավագույն սցենարի համար շնորհվեց Գագիկ Մադոյանի «Ճանապարհ» ֆիլմին։ Մրցանակը հանձնեց Նաստասյա Կինսկին, ով անհարմար դրության մեջ ընկավ. երկար ժամանակ չէր կարողանում ասել հաղթողի անունը, որովհետև չէր կարողանում գտնել ակնոցը։ Սակայն Գագիկ Մադոյանը չկորցրեց իրեն և, օգտվելով առիթից, դերասանուհուն հրավիրեց նկարահանվել իր հաջորդ ֆիլմում։ Դերասուհին քաղաքավարությամբ համաձայնվեց։ «Ճանապարհ» ֆիլմն իմ դիպլոմային աշխատանքն է եղել։ Փառատոնին մասնակցությունն ինձ համար արդեն պարգև էր»,– ասաց Մադոյանը։

«Ֆիպրեսի» մրցույթում այս տարի առանձնացվեց հայ ռեժիսոր Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը։ Նա արժանացավ էկումենիկ ժյուրիի մրցանակին։ «Եթե ինձ հարցնեին, թե ինչպիսի անվանակարգերում կցանկանայի աչքի ընկել, ես կընտրեի հենց այս երկու մրցանակները»,– ասաց Շահբազյանը։

«Ոսկե ծիրան» փառատոնը անցկացվում է Երևանում 2004թ.–ից, այն տարածաշրջանի ամենահեղինակավոր փառատոներից մեկն է։ 

Տարբեր տարիների ընթացքում փառատոնին ներկա լինելու համար Երևան են այցելել աշխարհահռչակ դերասաններ և ռեժիսորներ, այդ թվում`գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, անվանի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը: 2010թ.-ին երևանյան կինոփառատոնն արժանացել է կինոյի, հեռուստատեսության և սպորտի Ficts Plate D’honneur միջազգային միության գլխավոր մրցանակին:

Լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-