Կինո

Հունվարի 12–ին հայտնի են դարձել ամենահեղինակավոր կինոմրցանակներից մեկի` «Ոսկե գլոբուս»–ի հաղթողները, հաղորդում է Kp.ru–ն։

Լավագույն կատակերգու դերասանուհի է ճանաչվել Էմմի Ադամսը, ով նկարահանվել է «Մեծ աչքեր» ֆիլմում։ Դերասանուհու մրցակիցներն էին Ջուլիանա Մուրը, Հելեն Միրենը, Էմիլի Բլանթն ու Կուավենժանե Ուոլլիսը։ Քննադատները համոզված էին, որ կհաղթի Ադամսը։

«Լավագույն կատակերգու դերասան» անվանակարգում հաղթել է Մայքլ Քիթոնը։ 2014թ.–ին վարձույթ է հանվել Ռեյմոնդ Չանդլերի «Բյորդմեն» պատմվածքի էկրանավորված տարբերակը, որտեղ Քիթոնը մարմնավորել է նախկին դերասանի կերպարը։ Ֆիլմի հերոսը հայտնի է դարձել սուպերհերոսի դերի շնորհիվ, և նրան  հրավիրում են կրկին մարմնավորել է այդ կերպարը բրոդվեյան մյուզիքլում։ 

«Ակնհայտը» սերիալը հաղթել է «Լավագույն կատակերգու սերիալ կամ մյուզիքլ» անվանակարգում` առաջ անցնելով «Կույսը», «Աղջիկները», «Կայծքարային հովիտ» և «Նարնջագույնը` սեզոնի հիթ» սերիալներից։

«Պատանեկություն» ֆիլմը հաղթել է «Լավագույն դրամա» անվանակարգում։ Ֆիլմի հերոսն իրական տղա է, որի կյանքը պատկերված է կինոժապավենի վրա։ Ֆիլմը սկսել են նկարահանել 2002թ.–ին, երբ տղան դեռ 6 տարեկան էր։ Նկարահանումների ավարտին նա չափահաս է դարձել։

Իսկ լավագույն ֆիլմ է ճանաչվել Ուես Անդերսոնի «Հյուրանոց «Գրանդ Բուդապեշտ» ֆիլմը։ Հարկ է նշել, որ Անդերսոնը միշտ հավատարիմ է մնում իր ոճին և նկարահանում է հեղինակային կինո, որտեղ ֆիլմի ձևը, ճաշակի զգացողությունն ու հումորը երբեմն հասնում են իրենց գագաթնակետին։

«Լավագույն անիմացիոն ֆիլմ է» ճանաչվել «Ինչպես վարժեցնել վիշապին 2» ֆիլմը։ 

Հեռուստակատակերգության լավագույն դերասան է ճանաչվել Ջեֆֆրի Թամբորը, լավագույն դերասանուհի` Ջինա Ռոդրիգեսը, հեռուստասերիալում երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Մեթ Բոմերը, լավագույն դերասանուհի` Ջոան Ֆրոգաթը։

Անդրեյ Զվյագինցևի «Լևիաթան» ֆիլմը «Ոսկե գլոբուսի» է արժանացել «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում։ Այս անվանակարգում ֆիլմը մրցել է լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկու «Իդա» ֆիլմի, «Ֆորս մաժոր» շվեդական ֆիլմի, «Վիվիան Ամսալեմի ամուսնալուծությունը» ֆիլմի և «Մանդարիններ» էստոնական ֆիլմի հետ։ 

«Սիրահարները» ճանաչվել է լավագույն դրամատիկ սերիալ` Golden Globe–ի վարկանիշով։ 

«Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում մրցում էին նաև հեռուստաէկրանի վետերաններ «Դաունթոնի աբբայություն», «Լավ կին», «Խաղաքարտե տնակը» և «Գահերի խաղը» սերիալները։

Դրամատիկ սերիալում լավագույն տղամարդու դերի համար մրցանակին է արժանացել Քևին Սփեյսին («Խաղաքարտե տնակը»)։ Դերասանի համար սա «Ոսկե գլոբուսի» 8–րդ թեկնածությունն է և առաջին հաղթանակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ոսկե գլոբուս» ամերիկյան կինոմրցանակը (Golden Globe) 1944 թ.–ից հանձնում է Օտարերկրյա մամուլի հոլիվուդյան ասոցիացիան (Hollywood Foreign Press Association, HFPA) կինոֆիլմերի և հեռուստատեսային ֆիլմերի համար։

Օտարերկրյա մամուլի հոլիվուդյան ասոցիացիան շուրջ 90 անդամ ունի, որոնք 55 երկիր են ներկայացնում` 250 մլն ընթերցողներով։ Ամերիկյան կինոյի մասին պատմող նրանց նյութերը հրապարակում են Եվրոպայի, Ասիայի, Ավստրալիայի և Լատինական Ամերիկայի առաջատար թերթերն ու ամսագրերը, որոնցից են Անգլիայում հրատարակվող Daily Telegraph–ը, Ֆրանսիայում հրատարակվող Le Figaro–ն, Իտալիայի L’Espresso–ն և Գերմանիայի Vogue–ը, China Times–ը։–0–