Կինո

Նոյեմբերին էկրան կբարձրանա «Որոգայթ» հայկական ֆիլմը, որը պատմում է 2000–ականների Հայաստանի քրեական աշխարհի մասին, ֆիլմում կնկարահանվեն հայտնի դերասաններ։ Այն մասին, թե ինչպես է առաջացել ֆիլմի ստեղծման գաղափարը, ով է նկարահանվել, և ոչ միայն, «ԱՌԿԱ Style»–ին պատմել է ֆիլմի ռեժիսոր Ռոման Մուշեղյանը։ 

– «Որոգայթ» սերիալը, եթե չեմ սխալվում, ամենավարկանշայինն է եղել 21–րդ դարի առաջին տասնամյակում։ Ինչպե՞ս է ծագել ֆիլմի գաղափարը։

Մուշեղյան – Քանի որ Հայաստանում ավելի զարգացած է սերիալների արտադրությունը, քան ֆիլմերինը, ապա ի սկզբանե մտահղացումը սերիալային էր։ Բայց այն, ինչ ցանկանում էին փոխանցել սերիալի ստեղծողները, ավելի մոտ է ֆիլմի ժանրին, մնացել են չասված բաներ։ Այդ պատճառով «Շանթ» հեռուստաընկերության ղեկավարությունը որոշել է ֆիլմ նկարահանել։ 

– Կդառնա՞, արդյոք, ֆիլմը սերիալի քվինթէսենցիա, թե՞ կտարբերվի իր հայեցակարգով։ 

Մուշեղյան – Ֆիլմը, անշուշտ, սերիալին մոտ կլինի, բայց կոնցեպցիայով տարբերվում է։ Ֆիլմում, մասնավորապես, ցուցադրված են գլխավոր հերոսի երիտասարդ տարիները։ Այդ ժամանակահատվածը սերիալում բաց է թողնվել։ 

Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, որ սերիալը քրեական աշխարհ է քարոզել, ապա, նրանցից առաջ ընկնելով, ասեմ, որ և՛ սերիալում, և՛ ֆիլմում ի սկզբանե չի եղել նման նպատակ։ Ստեղծողների նպատակն այն է, որ ցույց տանք անձնական դրամա վերապրող մարդու, ով իր կամքին հակառակ` հայտնվել է քրեական աշխարհում։ Այդ ձևափոխումը ցույց տալու համար մենք ցույց ենք տվել գլխավոր հերոսի պատանեկությունը։ Երիտասարդ հեռանկարային մարզիկը և հիանալի նկարիչը հանգամանքների բերումով հայտնվում է բանտում։ Նա հայտնվում է ծուղակում մեկը մյուսի հետևից` պայքարի մեջ մտնելով թշնամու ուժերի դեմ։ 

– Ո՞րն է ֆիլմի ուղերձը։ 

Մուշեղյան – Ֆիլմն այն մասին է, որ հերոսը, չնայած բարդ հանգամանքներին, որոնցում ակամայից հայտնվել է, և որի հետևանքները փոխել են նրա կյանքը, փորձում է հավատարիմ մնալ իր սկզբունքներին։ 

– Սերիալը բավականին ողբերգական ավարտ ունի։ Գլխավոր հերոսը մնում է գործնականում միայնակ։ Կարո՞ղ է ֆիլմի դիտողը հեփի–էնդի հույս ունենալ։

Մուշեղյան – Ֆիլմում նաև պտտվում է իրադարձությունների դրամատիկ կապը, բայց ֆիլմի ամենավերջում լավատեսական ելևէջ կա։ Հավանական է, որ շարունակություն էլ կլինի։ 

– Ի՞նչ հայտնի դերասաններն են խաղացել ֆիլմում։ 

Մուշեղյան – Դերասան Հարություն Մովսիսյանը խաղացել է սերիալում գլխավոր դերը։ «Հակահերոս» Միրոյի դերի համար հրավիրվել է Արթուր Դարբինյանը Հոլիվուդից։ Երիտասարդ հայ դերասաններից ֆիլմում նկարահանվել են Սոս Ջանիբեկյանը, Գրիշա Աղախանյանը, Սաթենիկ Հախնազարյանը, Ելենա Բորիսենկոն, Սարգիս Գրիգորյանը, ով խաղացել է երիտասարդ Հովիկի դերը, և ուրիշներ։ 

– Այնպես է ստացվել, որ նկարահանումների ժամանակահատվածում ՃՏՊ–ի հետևանքով մահացել են երկու գլխավոր դերասաններ Գեղամ Ղանդիլյանն ու Արամ Միսկալյանը, իսկ գլխավոր դերակատար Անժելա Սարգսյանի շուրջ սկանդալ էր ծավալվել։ Դերասանները չե՞ն վախենում «Որոգայթի» բացասական աուրայից։ 

Մուշեղյան – Ոչ, սնոտիապաշտությամբ չեն տառապում։ 

– Այնուամենայնիվ, կնոջ գլխավոր դերն ուրիշ դերասանուհի է խաղալու։ Ինչու՞:

Մուշեղյան – Մենք դերասանուհու հետ կապված որևէ խնդիր չունենք, պարզապես Անժելայի զբաղվածությունն այլ նախագծերում թույլ չի տվել նրան նկարահանվել մեր ժապավենում։ 

– Մի ժամանակ «Ցենտրալ փարթներշիփ» ռուսական ընկերությունը «Շանթ» հեռուստաալիքից ձեռք էր բերել ռուսական շուկայի համար սցենարի ադապտացման իրավունքներ, նկարահանվել էր «Որոգայթ» սերիալը։ Ծրագրվու՞մ է, որ «Որոգայթ» ֆիլմը կգնա նաև ռուսական շուկա։ 

Մուշեղյան – Անշուշտ։ Մեր պրոդյուսերն արդեն զբաղվում է դրանով։ «Որոգայթ» ֆիլմը ռուսական և նախկին հետխորհրդային շուկա մտնելու մեծ հնարավորություններ ունի։ 

Ես կուզեի նշել, որ ֆիլմը լիարժեք գեղարվեստական որակյալ ֆիլմ է, որը շատ աշխատանք է պահանջել։ Նկարահանումները կատարվել են Հայաստանում, իսկ ֆիլմի հետագա աշխատանքը` Ուկրաինայում։ -0-