Կինո

Հայտնի է դարձել, որ Իվանովոյում անցկացվող Անդրեյ Տարկովսկու անվան «Հայելի» միջազգային ամենամյա կինոփառատոնի շրջանակում տեղի կունենա հայտնի հայ վավերագրող ռեժիսոր, Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր և տնօրեն Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։ 

«Տարկովսկու համատեքստ» ծրագրի շրջանակում կցուցադրվեն «Կոնդ», «Վերադարձ ավետյաց երկիր», «Սպիտակ քաղաքը», «Պոետի վերադարձը», «Սահման» ֆիլմերը։ 

60–ամյա Հարություն Խաչատրյանը (ով Հայաստանում ավելի շատ հայտնի է որպես Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր և տնօրեն) 80–ականների կինեմատոգրաֆիստական հանրության շրջանում բավականին հայտնի էր որպես վավերագրական ժանրի ռեժիսոր։ 

Նրա ֆիլմերը բազմիցս արժանացել են տարբեր միջազգային կինոփառատոների մրցանակների։ 2010 թ.–ին ռեժիսորն արժանացել էր Անկախ կինեմատոգրաֆիստների ամերիկյան դաշինքի Նիլսոնի մրցանակին։ Ռեժիսորը նաև Արքայազն Կլաուսի հիմնադրամի նիդեռլանդական մրցանակի դափնեկիր է։ Խաչատրյանը արվեստի և գրականության ոլորտում կատարած ներդրման համար արժանացել է «Մովսես Խորենացի» շքանշանի, նա նաև Ֆրանսիայի մշակույթի նախարարության շքանշանի ասպետ է։ 

Ավելի վաղ Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ էին կազմակերպվել Թբիլիսիում, Մելբուռնում, Թելուրայդում, Մադրիդում, Մեխիկոյում, Իսրայելում անցկացվող միջազգային կինոփառատոններին, ինչպես նաև Իտալիայի և Սլովենիայի արտափառատոնային ծրագրերի շրջանակում։ 

Եվ պատահական չէ, որ հիմա Խաչատրյանի ֆիլմերը ցուցադրվելու են Տարկովսկու անվան փառատոնի շրջանակում. չէ՞ որ Հարություն Խաչատրյանին հոգեհարազատ է «դրոշմված ժամանակի», ինրպես նաև Տարկովսկու և նրա ժամանակակիցների` «պատերազմի երեխաների» (Ալեքսեյ Գերման, Էլեմա Կլիմովա, Լարիսա Շեպիտկո) ֆիլմերի հայեցակարգը։

«Հայելի» փառատոնն անցկացվում է 2007 թ.–ից։ Այն հիմնադրվել է Անդրեյ Տարկովսկու ծննդյան 75–ամյակի կապակցությամբ։ 

Հունիսի 9–14–ն անցկացվող փառատոնի ծրագրում ներառված են խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթներ, հատուկ ցուցադրություններ, հետահայաց ցուցադրություններ, անիմացիոն ֆիլմեր, ուսանողական կինո։ 

Ամեն տարի փառատոնի շրջանակում ցուցադրվում է մոտ 150 ֆիլմ, կազմակերպվում են ավելի քան 50 ստեղծագործական երեկոներ, փառատոնի միջոցառումներ է այցելում մոտ 25 հազար մարդ։ 

Փառատոնի ավարտից հետո Խաչատրյանը կվերադառնա Հայաստան. չէ՞ որ արդեն մոտ է «Ոսկե ծիրան» ամենամյա կինոփառատոնի մեկնարկը։ –0–