Կինո

Անդրեյ Զվյագինցևի «Լևիաթան» ֆիլմը հաղթել է Լոնդոնի կինոքննադատների 35–րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Լոնդոնում։ Այս անվանակարգում «Լևիաթանը» մրցել է Ժան–Պիերի և Լյուկ Դարդենի «Երկու օր, մեկ գիշեր», Նորի Բիլգե Ջեյլանի «Ձմեռային քուն» և Պավել Պավլիկովսկու «Իդա» ֆիլմերի հետ։

Ֆիլմն առաջադրվել էր նաև «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում, սակայն այս անվանակարգում հաղթեց ամերիկացի ռեժիսոր Ռիչարդ Լինքլեյթերի «Պատանեկություն» ֆիլմը։ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Լևիաթանի» առաջադրումն արդեն բացառիկ է փաստ է, քանի որ ավանդաբար այդ անվանակարգում բացառապես անգլալեզու ֆիլմեր են առաջադրվում։

«Պատանեկություն» ֆիլմը տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել նաև «Critics Choice Awards» ամերիկացի կինոքննադատների 20–րդ մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի է ունեցել ավելի վաղ Լոս Անջելեսում։

Լոնդոնի կինոքննադատների կարծիքով լավագույն բրիտանական ֆիլմ է ճանաչվել Ջոնաթան Գլեյզերի «Մտիր մաշկիս տակ» ֆիլմը, իսկ տարվա լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջուլիանա Մուրը «Հավիտյան Էլիս» ֆիլմի համար։ Առանց մրցանակի մնաց Բենեդիկտ Քամբերբեթչը։ Նա առաջադրվել էր «Տարվա լավագույն դերասան» և «Տարվա լավագույն բրիտանացի դերասան» անվանակարգերում։ 
«Լևիաթանը» ավելի վաղ «Ոսկե գլոբուս» էր ստացել «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, ինչպես նաև ներառվել է «Օսկարի» հավակնորդների ցանկում։ -0-