Կինո

Ռեժիսոր Օլիվեր Սթոունը կարող է սկսել հեռուստահաղորդավար Վլադիսլավ Լիստևի մասին պատմող ֆիլմի աշխատանքները։ «Լիստև. հույսը վերջում է մահանում» աշխատանքային անվանումով խաղարկային կինոն նախատեսվում է թողարկել 2017 թ.–ի մարտի 1–ին` լրագրողի մահվան 22–րդ տարելիցի կապակցությամբ, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։

Նախագծի վրա համատեղ աշխատանք են իրականացնում Ալեքսանդր Կուլիկովի «Կինոկոմպանիա Սոյուզ Մարինս գրուպ»–ն ու Օլեգ Տետերինի «Տետերին Ֆիլմ» ընկերությունը։ Որպես ֆիլմի աշխատանքային անվանում «Հույսը վերջում է մահանում» արտահայտությունը պատահական չէ ընտրված, քանի որ այդ արտահայտությամբ է Լիստևը սկսել է իր վերջին եթերը` «Չաս Պիկ» ծրագիրը, որը հեռարձակվել է 1995 թ.–ի մարտի 1–ին։ Մեկուկես ժամ տևողությամբ լիամետրաժ ֆիլմի սցենարի բաց մրցույթ է հայտարարված, հեղինակներին առաջարկվում  է ընտրել երեք սյուժեներից մեկը` 1987–1995 թթ.–ին հաղորդավարի կենսագրությունը, սպանության քննությունն ու Լիստևի կյանքի վերջին 24 ժամը։

«Լիստևը եղել և մնում է Ռուսաստանի նորագույն մեդիապատմության ամենավառ կերպարներից մեկը։ Նրա ճակատագիրը, ստեղծագործական կյանքն ու ողբերգական մահը մինչև հիմա մեզ անտարբեր չեն թողնում։ Տասնյակ միլիոնավոր ռուսաստանցիներ մեծացել են նրա ծրագրերով` «Վզգլյադ», «Տեմա», «Չաս Պիկ», «Պոլե չուդես», «Գուշակիր մեղեդին»։ Ֆիլմը կնվիրվի զոհված ռուս լրագրողների, քաղաքական և հասարակական գործիչների հիշատակին», – հայտարարել է պրոդյուսեր Ալեքսանդր Կուլիկովը։

Հնարավոր է, որ ֆիլմի ռեժիսորը կլինի Օլիվեր Սթոունը, ով հիմա աշխատում է Էդվարդ Սնոուդենի մասին պատմող ֆիլմի վրա։ Օլեգ Տետերինի կինոընկերությունն արդեն համագործակցության փորձ ունի եռակի օսկարակրի հետ։ Նախորդ տարի պրոդյուսերն իրավունք էր ստացել ռուսական շուկայում ներկայացնել Սթոունի «Միացյալ Նահանգների չպատմված պատմություն» վավերագրական սերիալը, որն ավելի ուշ ցուցադրվել էր Ռուսաստանի Առաջին ալիքով։ 

«Հույս ունենք, որ Վլադ Լիստևի մասին պատմող ֆիլմում մասնակցությունը, որը Ռուսաստանի համար նշանակալից ֆիլմ է, Օլիվեր Սթոունի համար Ռուսաստանի հետ կինեմատոգրաֆիական կապերի ամրապնդման օրինաչափ շարունակություն կդառնա», – ընդգծել է Տետերինը։ «Դա թույլ կտա օտարերկրացի հանդիսատեսին ներկայացնել հետխորհրդային Ռուսաստանի պատմության անհայտ էջերը։ –0–