ArmeniaFutura նախագծի շրջանակում նկարահանվել է «Կյանք, որը մենք չենք ապրել» ֆիլմը, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը։ Սա երկու ընտանիքների պատմությունն է, պատմություն երկու կյանքի մասին` իրական կյանք և այն, որը վիճակված չէր լինել։ 

Ֆիլմի գաղափարի հեղինակը Էմիլ Արզանգուլյանն է, սցենարի հեղինակը` Նարինե Աբգարյանը, բեմադրող ռեժիսորը` Ալեքսանդր Սաբան, պրոդյուսերները` Ռուբեն Դիշդիշյանն ու Արամ Մովսեսյանը։ 

Ֆիլմը կցուցադրվի  НТВ և «Դոժդ» հեռուստաընկերությունների եթերում։

«Ապագա, որն առանց անցյալի չի լինում» (ArmeniaFutura) հիշատակի նախագիծը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին, մեկնարկել է ապրիլի 16–ին։ 

Նախագիծը նախաձեռնել են հարյուր հայտնի մարդիկ, որոնց թվում են Գոռ Նահապետյանը, Արտակ Հովհաննիսյանը, Նարինե Աբգարյանը, Արամ Գուշչյանը, Սարգիս Բադալյանը, Մեցո Իգիթյանը, Արեգ Զաքոյանը, Կարինե Ֆիրյանը, Աշոտ Մկրտչյանը, Մնացական Կարապետյանը, Արթուր Հարությունյանը, Արսեն Աղաջանյանը։ 

«Մեծացել է հայերի չորրորդ սերունդը, ովքեր ծնվել են ցեղասպանությունից հետո։ Մենք ցրվել ենք տարբեր երկրներով, խոսել տարբեր լեզուներով…դժվարությունները չեն կոտրել մեր կամքը։ Եղել և մնում ենք ստեղծագործ ժողովուրդ», – նշում են ArmeniaFutura նախագծի ստեղծողները։ 

Բացի ֆիլմի ցուցադրությունից, Մոսկվայի կենտրոնում կտեղադրվի մոտ 200 ցուցանակ, mail.ru–ի մեկնարկային էջում կտեղադրվի ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկը, ինչպես նաև կհրատարակվի Մարկ Արենի «Վիլլա Էվրար» գրվածքը, որը ներկայացնում է այն տարիների ողբերգական պատմությունը, որոնք Կոմիտասը ստիպված էր անցկացնել Էվրար ֆրանսիական  բուժարանում։

ArmeniaFutura նախագիծը ստեղծվել է բազմաթիվ մարդկանց աջակցության շնորհիվ, ովքեր հավատացել են հասարակական նախագծերի ստեղծման հնարավորությանը, որոնք իրականացվում են կոլեկտիվ ներդրման, հովանավորության և համահեղինակության շնորհիվ։ 

Նախագծի մասնակից–գործընկերներն իրենց առաքելությունն են համարում աջակցել և առաջ մղել մշակութային, կրթական և սոցիալական նախագծերը, որոնք ուղղված են հայկական մշակութային ժառանգության զարգացմանն ու ժամանակակից և պրոգրեսիվ հասարակության հիմունքների ձևավորմանը։ 

ArmeniaFutura–ն հարթակ է հայրենասիրական, մարդասիրական և քաղաքացիական պատասխանատվության արժեքների իրագործման համար` հանուն համընդհանուր խաղաղության և բարգավաճման։ -0-