Կինո

Լեհ կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, Վենետիկի կինոփառատոնի գլխավոր` «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր, մի շարք միջազգային և ազգային մրցանակների արժանացած Քշիշտոֆ Զանուսին վարպետության դաս անցկացրեց Երևանում:

Վարպետության դասը սկսվեց կատակով

«Դեռ Աստվածաշնչից սկսած` հատուկ շեշտվում է Խոսքը: Այդպես էլ կինոն սկիզբ է առնում Խոսքից, գրականությունից, թատրոնից: Ես հատուկ ասացի «Ի սկզբանե էր բանն», որպեսզի դուք կարողանաք ասել. «Զանուսին եկավ ու այնպիսի հիմարություն ասաց, որի հետ կարելի է չհամաձայնել»,- կատակեց Զանուսին` սկսելով վարպետության դասը:

Նա հայտնեց, որ բերել է շատ ֆիլմեր, որոնք չի հասցնի ցուցադրել Երևանի հանդիսատեսին, սակայն դրանք հատուկ է բերել: 

«Ռեժիսորը, որն առանց ֆիլմերի է գալիս, կասկածների առիթ է տալիս»,- կրկին կատակեց Զանուսին:

«Օտար մարմին» ֆիլմն իսկապես օտար գտնվեց 

Վարպետության դասի մեծ մասը Զանուսին նվիրեց իր «Օտար մարմին» վերջին ֆիլմին, որն այժմ ներկայացված է փառատոների, որը, սակայն, չի ներառվել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրում:

«Ռուսաստանում ֆիլմը չհավանեցին, թեև ֆիլմում նկարահանվել են հայտնի ռուս դերասաններ Չուլպան Խամատովան և Միխայիլ Եֆրեմովը: Ավելի մեծ դժգոհության ֆիլմն արժանացավ ֆեմինիստուհիների կողմից, որոնք ուղղակի սկսեցին ատել ինձ»,- ասաց Զանուսին:

Նա խոստովանեց, որ ոչինչ չունի ֆեմինիստական շարժման դեմ, սակայն կարծում է, որ ֆեմինիզմն, ինչպես և խոլեստերինը, կարող է և´ օգտակար, և´ վնասակար լինել:

«Ո՞րն է տարբերությունը: «Վնասակար» ֆեմինիզմի ներկայացուցչուհիները ձգտում են, որ կանայք տղամարդկանց նման դառնան և նույնիսկ ավելի վատը, «օգտակար» ֆեմինիզմի ներկայացուցչուհիները պայքարում են կանանց և տղամարդկանց համար հավասար պայմաններ ստեղծելու համար»,- պարզաբանեց իր քաղաքացիական դիրքորոշումը Զանուսին:

Իր կարծիքով` ֆիլմը գժգոհության է արժանացել, քանի որ նրանում արծարծված են շատ ցավոտ թեմաներ` կինը, որն ընտրել է կարիերան որպես կյանքի առաջնային նպատակ, հավատքի և անհավատության հարցերը, ստալինիզմի ծանր ժառանգությունը: 

Սերը աշխատանք է

Տաղանդավոր ռեժիսորի ցանկացած ֆիլմ, առաջին հերթին, զրույց է սիրո մասին: «Օտար մարմին» ֆիլմը բացառություն չէ: Զանուսին հավաքվածներին ներկայացրեց այդ զգացմունքի մասին իր տեսակետը: 

«Սերը տաժանակիր աշխատանք է, որը պետք է տանել առավոտից մինչև երեկո:  Սերն այն է, երբ ուզում ես, որ սիրածդ մարդու համար լավ լինի, և որպեսզի նա ավելի լավը դառնա», — ասաց Զանուսին:

Ֆիլմում ռեսժիսորը փորձել է դա ցուցադրել մի դրվագում, որտեղ երկու սիրահարներ հեծանիվ են քշում` օգնելով միմյանց:

Բախումը ֆիլմ ստեղծողի գլխավոր պայման է

Վարպետի վերջին ժապավենը այնպիսի հակակրանք առաջացրեց ֆեմինիստուհիների մոտ, որ նրանք անգամ փորձել են կանգնեցնել ֆիլմի ֆինանսավորումը:

«Ես ստիպված եղա պայքարել սկսնակ ռեժիսորի նման, թեև արդեն շուրջ 40 ֆիլմ եմ նկարահանել: Ընդհանրապես ես կարծում եմ, որ եթե դուք ամեն ինչի հետ համաձայն եք, ապա դուք կինոյում անելիք չունեք, ավելի լավ է աշխատեք բանկում», — ասել է Զանուսին:

Կինոն հետընթաց է ապրում

«Կինոյի, ինչպես և ցանկացած այլ արվեստի զարգացումն ընթանում է ալիքաձև: 60-70-ական թվականներին մենք տեսանք կինոյի զարթոնքը` Ֆելլինի, Պազոլինի, Կասսևետիս, Բերգման և այլն: Այժմ կինոն հետընթաց է ապրում: Շատ հայտնի և հասանելի ֆիլմեր կան, քիչ են «դելիկատեսայինները», — ասաց Զանուսին:

Նա խոստովանեց, որ ուզում է դուր գալ հասարակությանը, սակայն, առաջին հերթին, այն հասարակությանը, որն ունի բարձր մշակութային արժեքներ: Սակայն, նրա համոզմամբ, այդպիսիները շատ քիչ են:

«Նույնիսկ իմ հաջողված ֆիլմերում հանդիսատեսի մեծամասնությունը տեսավ միայն մակերեսայինը: Ես ուրախացա, երբ Շանհայում տեսա իմ ֆիլմերի կեղծված DVD կրկնօրինակները: Չէ՞ որ ինձ համար կարևորը իմ հանդիսատեսի հիշողության մեջ հետք թողնելն է», — խոստովանեց Վարպետը: -0-