Կինո

MGM ստուդիայի նախկին սեփականատեր, խաղատներ և անշարժ գույք ունեցող 97-ամյա հայտնի հայ գործարար, միլիարդատեր Քըրք Քրքորյանը որոշել է ֆինանսավորել գեղարվեստական ֆիլմի նկարահանումները, որը կպատմի 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանության մասին, հայտնում է Showbiz411–ը։

Քրքորյանը ցանկանում է ստեղծել «Շինդլերի ցուցակը» ֆիլմի հայկական տարբերակը, որը կհավերժացնի Օսմանյան կայսրությունում իրականացված հանցագործությունը։

Նշվում է, որ նախագծի աշխատանքներին օսկարակիր ռեժիսոր և սցենարիստ են միացել, որոնց անունները դեռ չեն հրապարակվում։ Հայտնի է անգամ սցենարը՝ սիրային պատմություն` Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության համապատկերին։

Աղբյուրը հայտնում է, որ բավականին մեծ բյուջե ունեցող նոր ֆիլմի նկարահանումները հավանաբար կսկսվեն ամռանը Եվրոպայում։

Հավանական է, որ հենց սա կլինի հայ ժողովրդի պատմության ողբերգական դրվագը ներկայացնող անչափ սպասված ֆիլմը։ -0-