Կաննում անցկացվող հայտնի կինոփառատոնի ներկայացուցիչները դեմ են, որ կարմիր գորգով անցնող մարդիկ ինքնալուսանկարվեն։ «Այս մոլուցքը չի շրջանցել անգամ առաջին մեծության աստղերին»,– նշում են նրանք։ Իսկ դրա հետևանքով տուժում է փառատոնի ժամանակացույցը, հաղորդում է Vesti.ru–ն` հղում անելով Telegraph–ին։

«Ցավում ենք, որ ինքնալուսանկարվելն ընդմիշտ արգելելու լիազորություններ չունենք, սակայն ծրագրում ենք մեծ արշավ սկսել այս համատարած զբաղմունքի դեմ, քանի որ այն շատ է խանգարում փառատոնին», – հայտարարել է Կաննի փառատոնի գեղարվեստական ղեկավար Տիերրի Ֆրեմոն։ 

«Մարդիկ յուրաքանչյուր երկու մետրը մեկ կանգնում են` իրենց իսկ ֆոնին ինքնալուսանկարվելու համար։ Պարզապես անհեթեթություն է», – ավելացրել է Ֆրեմոն։ Նա նաև նշել է, որ փառատոնի շրջանակում անցկացվող բոլոր իրադարձությունները, որպես կանոն, բառացիորեն րոպեներով են հաշվարկված։ 

Ֆրեմոն չի նշել, թե իր թիմն ինչպես է պատրաստվում Կաննի փառատոնի հյուրերին ստիպել, որ դիմանան այդ գայթակղությանը։ 

Կաննի 68–րդ կինոփառատոնը կմեկնարկի մայիսի 13-ին, իսկ փակման արարողությունը նախատեսված է մայիսի 24–ը։ Փառատոնը կվարի հայտնի ֆրանսիացի դերասան Լամբեր Վիլսոնը։ Փառատոնի ժյուրիի կազմը կգլխավորեն ամերիկացի ռեժիսորներ Ջոել և Իթան Քոենները։ -0-