Կինո

Ժակ Օդիար

Նախօրեին Քրուազեթի առափնյա Փառատոների և կոնգրեսների պալատում ավարտվեց Կաննի 68–րդ կինոփառատոնը։

Ժյուրիի գլխավոր մրցանակը` «Ոսկե արմավենին», բաժին հասավ «տանտերերին», իսկ ավելի ճիշտ` ֆրանսիացի Ժակ Օդիարի «Դիպան» դրամային, որը պատմություն է  Փարիզ ուղևորվող թամիլցի փախստականների մասին։ Ժյուրիի նախագահներ Ջոել և Իթան Կոեն եղբայրների այդ որոշումը բավականին անցանկալի էր և դժգոհության ալիք բարձրացրեց կինոքննադատների, կինոլրագրողների և կինեմատոգրաֆիստների հանրության շրջանում։ 

Թերևս վաղուց չէր եղել ժյուրիի որոշման հետ այսպիսի անհամաձայնության և կողմնակալության մեղադրանքների դեպք։ Բազմաթիվ հեղինակավոր պարբերականներ արդեն հասցրել են Օդիարի ժապավենը սովորական, ինտելեկտուալ առումով անգործունակ, պարզունակ անվանել։ Բայց, անշուշտ, եղան նաև Դիպանի կողմնակիցներ, և նրանցից շատերը փառատոնի ազդեցիկ գործիչներն են, այդ թվում` Քսավիե Դոլանը, Սոֆի Մարսոն և Գիլիերմո Դել Տորոն։ 

Փառատոնի բազմաթիվ քննադատները ևս ժյուրիի գործողությունները շաղկապեցին 1978 թվականից Կաննի կինոփառատոնի անփոխարինելի ղեկավար (սկզբում` գեղարվեստական տնօրեն, այնուհետև` նախագահ) 84–ամյա Ժիլ Ժակոբի` պաշտոնից հեռանալու հետ։ Ասում են, որ ճերմակահեր Ժիլը միշտ կարողանում էր ճիշտ մոտեցում գտնել և ազդեցություն ունենալ «փառատոնային Արեոպագի» վրա։ 

Մինչև ժյուրիի վերջնական որոշումը ֆավորիտների թվում էին Թոդ Հեյնսի «Քերոլ» ամերիկյան դրաման և իտալացի Պաոլո Սորենտինոյի «Երիտասարդություն» հերթական նորարարական գլուխգործոցը` Մայքլ Քեյնի, Ջեյն Ֆոնդայի, Հարվի Քեյթելի մասնակցությամբ։ 

Արդյունքում «Քերոլը» սահմանափակվեց միայն Ռունի Մարայի` կնոջ լավագույն դերի համար ստացած մրցանակով, այն էլ կիսելով մրցանակն Էմանուել Բերկոյի հետ, ինչպես նաև «Քվիր պալմա» հատուկ մրցանակով, որը, ինչպես հայտնի է, շնորհվում է ամենաանսովոր ժապավեններին։

Էմանուել Բերկո

Սցենարի համար մրցանակը բաժին է ընկել թրենդային մեքսիկացի Միշել Ֆրանկոյի «Քրոնիկականը» հոգեբանական թրիլլերին, որը «Բըրդմենի» հաջողությունից հետո շարունակում է ապացուցել աշխարհին մեքսիկական կինեմատոգրաֆիայի ալիքի երկարակեցությունը։ Ի դեպ, անբուժելի հիվանդների դայակի դերը խաղում է Թիմ Ռոթը։

Լավագույն ռեժիսուրայի համար մրցանակ է նվաճել բազմաթիվ փառատոների նոմինանտ և դափնեկիր, թայվանցի ռեժիսոր Հուո Սյաոսյանն իր վերջին` «Մարդասպան» ժապավենի համար, որն արևելյան մարտաֆիլմի և փիլիսոփայական առակի խառնուրդ է։ 

«Ժյուրիի մրցանակ» պարգևին արժանացել է հունական «Լոբստեր» հակաուտոպիան` առանց ընտանիքի ապագայի անելանելիության մասին։ 

«Ոսկե արմավենուց» հետո ըստ նշանակության երկրորդ մրցանակին` «Գրան Պրիին» արժանացել է Բելա Թարայի աշակերտ, հունգարացի դեբյուտանտ Լասլո Նեմեշը «Սավուղի որդին» ֆիլմով, որը պատմում է հունգարական հոլոքոստի մասին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Լասլո Նեմեշ

Այս տարի կանանց տարի էր, ընդ որում, կրկին ֆրանսուհիների։ Նախևառաջ, փառատոնը բացվեց Էմանուել Բերկոյի «Բարձր պահած գլխով» ժապավենով, և դա երկրորդ նմանատիպ դեպքն է կինոփառատոնի պատմության մեջ։ 

Իսկ «Պատվավոր ոսկե արմավենին» այս տարի բաժին է հասել նույնպես կնոջ` 86–ամյա ռեժիսոր, օպերատոր, սցենարիստ, դերասանուհի Անիես Վարդային, ով իր առաջին ինքնուրույն ֆիլմը նկարահանել է 60 տարի առաջ։ Այդ պարգևը կինոարվեստում Կաննում ամեն տարի հանձնում են լայն ճանաչում վայելող խոշորագույն ռեժիսորների, ովքեր ոչ մի անգամ չեն նշվել փառատոնի գլխավոր պարգևով։ 

Անիես Վարդա

Փառատոնային ժամանակահատվածի ընթացքում համաշխարհային կինոմամուլը որոշակի վերածնունդ է կանխագուշակել իտալական կինոյի համար, սակայն պարզվել է, որ գոնե պարգևների տեսանկյունից վերածնունդ հաստատ չեղավ։ 

Բացի Սորենտինոյից, ժյուրին անտեսեց նաև Մաթեո Գարոնեի «Հեքիաթների հեքիաթը» և եվրոպական կինոյի կենդանի դասական Նանի Մորատիի «Իմ մայրը» ժապավենը։ Քրուազեթ գետափը դատարկաձեռն լքեց նաև չինական կինոյի վարպետ Ցզյա Չժանկեն «Լեռները կարող են քայլել» ֆիլմով։

Այսպիսով, փառատոնը հակասական էր. ոմանց կարծիքով` նոմենկլատուրայի առումով ձախողված, մյուսների կարծիքով` ընդամենը սուբյեկտիվ, ինչպես արվեստի ցանկացած ընկալում։ Եվ մեծ Կաննը ամենևին էլ բացառություն չէր։ -0-

Կարեն Ավետիսյան, հատուկ «ԱՌԿԱ Style»–ի համար