Կինո

Կարմիր գորգն ամեն տարի համընդհանուր քննարկման առարկա է դառնում, սակայն միշտ չէ, որ քննարկման պատճառը գորգի վրայով քայլող հոլիվուդյան աստղերն են: Տարեցտարի Փառատոների պալատի աստիճաններին տեղի են ունենում հետաքրքիր դեպքեր, որոնք ստիպում են հավաքվածներին մոռանալ «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի թեկնածուների մասին։  

Նախորդ տարի կինոփառատոնի հյուրերին ցնցեց 1+1 հեռուստաալիքի լրագրող Վիտալի Սեդյուկը, ով ներխուժեց կարմիր գորգի տարածք և փորձեց մտնել դերասանուհի Ամերիկա Ֆերերայի զգեստի փեշի տակ։ Փառատոնի կանոնակարգը խախտելու համար լրագրողը զրկվեց փառատոնի հավատարմագրումից, նրան ստիպեցին վճարել դրամական տուգանք, հաղորդում է  Super.ru–ն։

Այս տարին բացառություն չեղավ։ Կաննի փառատոնի հաղթողների մրցանակաբաշխության արարողությունից առաջ, երբ հյուրերն անցնում էին կարմիր գորգի վրայով, նրանցից մեկը ծնկի իջավ իր սիրելիի առջև և ամուսնության առաջարկ արեց։ Երբ աղջիկը, ով կկոցելով աչքերը տասնյակ տեսախցիկների լույսերից, տղամարդուն պատասխանեց «այո», վերջինս իր սիրելիի մատին Bulgari–ի նշանադրության մատանի դրեց։ 

Ցավոք, հուզիչ տեսարանը երկար չտևեց։ Անվտանգության աշխատողները բարկացան և շտապեցին դուրս անել սիրահարներին կարմիր գորգի վրայից։ Անվտանգության չորս աշխատակիցները բարձրացրեցին տղամարդուն և անձնական հսկողությամբ զույգին ուղեկցեցին դեպի ելք։ -0-