Կինո

Ամերիկացի կինոռեժիսոր Ջեյմս Քեմերոնն Empire ամսագրին տված հարցազրույցում պատմել է իր «Ավատար» ֆիլմի սիքվելների մասին։ Դրանցից առաջինի պրեմիերան ակնկալվում է 2016 թվականի դեկտեմբերին։ Կինեմատոգրաֆիստը գովաբանել է իր ապագա ժապավենները` ազատ լինելով իր արտահայտություններում։ Այդ մասին  գրում է Lenta.ru–ն։ 

«Մի բան կասեմ` շշմեցնող է լինելու։ Բերաններդ բաց կմնան և տակներդ կթրջեք»,– ասել է նա։ 

Սցենարները գրում են չորս հեղինակներ, ընդ որում` սկզբնական փուլում նրանք զբաղվել են բոլոր երեք ֆիլմերով, և ոչ ոք չէր կարող գուշակել, թե որ ֆիլմում է նշանակվելու հետագայում։ 

«Ես գիտեի, որ ժամանակից շուտ սցենարիստներին բաշխելու դեպքում նրանք կշեղվեին աշխատանքից մյուս ֆիլմը քննարկելու ընթացքում»,– ասել է Քեմերոնը։ 

Ֆիլմերը, որոնք առայժմ ունեն «Ավատար-2». «Ավատար-3» և «Ավատար-4» աշխատանքային անվանումները, կնկարահանվեն վայրկյանում 48 կադր տեխնոլոգիայով։ 

«Ավատարը» գիտաֆանտաստիկ ֆիլմ է Պանդորա մոլորակի բնակիչների մասին։ Ժապավենը էկրան է բարձրացել 2009 թվականին և վարձույթում ռեկորդ է սահմանել` դառնալով պատմության մեջ առաջին ֆիլմը, որը հավաքել է ավելի քան 2 միլիարդ դոլար։ -0-