Կինո

Վերջին օրերին «Ընկերներ» սերիալի երկրպագուների բազմամիլիոնանոց բանակն ուրախալի լուր է ստացել` կարծես թե սիրված հերոսները կրկին կհանդիպեն նույն նկարահանման հրապարակում: Այդ մասին պատմել է սերիալի աստղ Ջեննիֆեր Էնիսթոնը: BBC  հեռուստաալիքով «Գրեմ Նորթոնի շոու» ծրագրի ընթացքում դերասանուհին խոստովանել է, որ չի բացառում «Ընկերների» հատուկ դրվագի ի հայտ գալը, որտեղ կլինեն սիրված հերոսները: Այդ մասին գրում է Hellomagazine.com-ը:

Ըստ նրա` «ոսկե» դրվագում դերասանները պետք է հեռուստադիտողի առջև հայտնվեն արդեն բավականին ծերացած: Այդ դեպքում հետաքրքիր կլինի նրանց համեմատել 90-ականների հերոսների հետ: Այդ մասին լուրեր պտտվում էին արդեն վաղուց, բայց այժմ, կարծես, սկսում են հաստատվել: 

Նշենք, որ «Ընկերներ» սերիալը ցուցադրվում էր NBC-ով 1994-2004 թվականներին: Առաջին դրվագը դիտել է 22 միլիոն մարդ, իսկ վերջինը միայն ԱՄՆ-ում` ավելի քան 50 միլիոն: Նախագիծը ճանաչվել է հեռուստատեսության լավագույն կատակերգական նախագծերից մեկը: Սերիալը 44 անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի` ստանալով վեց արձանիկ: Ինքը` Էնիսթոնը, Ռեյչելի դերի համար արժանացել է «Ոսկե գլոբուսի»: -0-