Կինո

Հոբելյանական` 65-րդ միջազգային «Բեռլինիալե» կինոփառատոնի գլխավոր մրցանակը` «Ոսկե արջը», այս տարի շնորհվել է իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիին` «Տաքսի» ֆիլմի համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

2010 թվականին Փանահին իր երկրի իշխանությունների կողմից դատապարտվեց հակաիշխանական գործունեության համար։ Նրան արգելվեց ֆիլմեր նկարահանել և մեկնել երկրից։

ռեժիսոր Ջաֆար Փանահիի զարմուհին 

Ժյուրիի մեծ մրցանակը` «Արծաթե արջը», հանձնվեց չիլիական «Ակումբ» ֆիլմի խմբին։ Կինոփառատոնի հիմնադրի` Ալֆրեդ Բաուերի պատվին մրցանակը ստացավ Գվատեմալայից ռեժիսոր Խայրո Բուստամանտեն` «Իկսկանուլ» ֆիլմի համար։

«Լավագույն դերասան» և «լավագույն դերասանուհի» անվանակարգերում «արջերի» արժանացան բրիտանացիներ Թոմ Քորթնին և Շառլոտա Ռեմփլինգը «45 տարի» ֆիլմում մարմնավորած կերպարների համար։

Շառլոտա Ռեմփլինգ​ և Թոմ Քորթնի

«Արծաթե արջի» լավագույն ռեժիսուրայի համար արժանացավ Ռադու Յուդեն Ռումինիայից` «Աֆերիմ» ժապավենի համար, լավագույն սցենարիստ է ճանաչվել Չիլիից վավերագրող Պատրիսիո Գուսմանը։ 

Միանգամից երկու ֆիլմերի օպերատորներ մրցանակներ ստացան կինոարվեստում կատարած մեծ ներդրման համար։ Դափնեկիրներն են «Վիկտորիա» ֆիլմի օպերատոր Ստուրլա Բրանդտ Գրվոլենը և ռուս Եվգենի Պրիվինն ու Սերգեյ Միխալչուկը։ Նրանց մրցանակ հանձնվեց Ալեքսեյ Գերման կրտսերի «Էլեկտրական ամպերի ներքո» ժապավենում աշխատանքի համար։

Բեռլինի միջազգային կինոփառատոնն առաջին անգամ անցկացվել է 1951 թվականի հունիսի 6-ին։ Հիմնադիրներն են Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակիցները` ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։ Կաննի և Վենետիկի կինոփառատոների հետ միասին այն համարվում է կինոաշխարհի ամենախոշոր և ամենահեղինակավոր իրադարձությունը։

«Բեռլինիալեն» ավելի շատ միտված է դեպի, այսպես կոչված, հեղինակային կինոն։ Փառատոնի մրցանակային ծրագրում են գեղարվեստական լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմեր` նկարահանված ոչ շուտ, քան փառատոնի սկզբից 12 ամիս առաջ և չներկայացված այլ դիտումների։ -0-