Կինո

Փետրվարի 5–ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Իմիտացիոն խաղ» անգլո-ամերիկյան ֆիլմի պրեմիերան` աստղային դերասանական կազմով։ Միայն երկու անուն` Բենեդիկտ Քամբերբեթչ և Քիրա Նայթլի, ու ցանկացած նախագծի փայլն ապահովված է։

Երկու ժամի ընթացքում հեռուստադիտողի առջև ծավալվում է անգլիացի հանճարեղ մաթեմատիկոս և տրամաբան Ալան Թյուրինգի պատմությունը, ում հաջողվել է կոտրել «Enigma» կոդը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Պատերազմի սկզբում նա, փաստորեն, ստեղծել է ժամանակակից համակարգչի նախատիպը` ապակոդավորող «Քրիստոֆերու» մեքենան, ինչն ավելի քան տասնյակ միլիոնավոր կյանքեր է փրկել և կրճատել պատերազմը երկու տարով։

Սակայն, չնայած իր մաթեմատիկական շնորհին ու հանճարեղությանը` Թյուրինգը չկարողացավ գտնել իր տեղը հասարակության մեջ և այդպես էլ չկարողացավ ինքն իր հետ ներդաշնակության հասնել։ Ֆիլմը կարծես ևս մեկ անգամ հաստատում է այն աքսիոմը, որ կյանքում ոչինչ հենց այնպես չի տրվում։ Փայլուն մտքի համար Ալան Թյուրինգը վճարեց շրջապատողների հետ շփվելու, մարդկանց թերություններին ու սահմանափակությանը ներողամիտ վերաբերվելու, ինչպես նաև ստելու և կեղծելու անկարողությամբ։ 

«Իմիտացիոն խաղը», ինչպես պնդում են ֆիլմի հեղինակները, հիմնված է իրական դեպքերի վրա, բացում է հանդիսատեսին ռազմական գաղտնիքը, որի գաղտնիության կնիքը չէր հանվել պատերազմի ավարտից անգամ կես դար անց։ Իսկ 1954 թվականին ինքնասպանություն գործած հանճարեղ գիտնականը հետմահու պարգևատրվել է անգլիական թագուհու կողմից միայն 2013 թվականին։ Ինչպես ասում են` լավ է ուշ, քան երբեք։ -0-