Կինո

Բեն Աֆֆլեք

Hollywood Film Awards–ի վարկածով` 2014 թվականի լավագույն ֆիլմ է ճանաչվել Դևիդ Ֆինչերի «Կորածը» ժապավենը, հայտնում է Gazeta.ru–ն` վկայակոչելով Deadline–ին։ Այդ ֆիլմը մրցանակ է ստացել նաև լավագույն սցենարի համար (Գիլիան Ֆլին)։ 

Երեք մրցանակի է արժանացել «Նմանակման խաղ» ֆիլմը` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական շիֆրերը կոտրելու մասին. մրցանակները ստացել են ռեժիսոր Մորտեն Թիլդումը, մաթեմատիկոս Ալան Թյուրինգի դերակատար դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը և դերասանուհի Քիրա Նայթլին` կնոջ երկրորդ պլանի լավագույն դերի համար։

Բենեդիկտ Քամբերբեթչ

Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջուլիանա Մուրը «Դեռևս Էլիս» ֆիլմում դերի համար, լավագույն անիմացիոն ժապավեն` «Ինչպես ընտելացնել վիշապին-2», իսկ տարվա լավագույն բլոկբաստեր` «Գալակտիկայի պահապաններ» կինոկոմիքսը։ Hollywood Film Awards պատվավոր մրցանակի արժանացել է Մայքլ Քիթոնը։ 

Ջուլիանա Մուր

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջոննի Դեփը, ով հանձնում էր մրցանակը վավերագրական կինո անվանակարգում, արարողությանը ներկայացել է ոչ սթափ վիճակում։ Հոլիվուդյան կինոմրցանակաբաշխությունն այս տարի առաջին անգամ ցուցադրվել է հեռուստատեսությամբ (հեռարձակում էր CBS հեռուստաալիքը)` ուղիղ եթերում, բայց խմբագիրները հասցրել են «փակել» դերասանի հայհոյանքը։ 

Ջոննի Դեփ

Hollywood Film Awards–ը հանձնվում է 1997 թվականից։ Այն մրցանակային սեզոնի ամենաառաջին մրցանակն է և շնորհվում է 26 անվանակարգերում, որոնցից 18–ը բաժանվում են արարողության ժամանակ։ -0-