Կինո

20–րդ դարում կինեմատոգրաֆը «նորագույն արվեստ» են կոչել, իսկ ընդունված «հնագույն մասնագիտություն» բառակապակցությունը, ինչպես հայտնի է, վերագրվում է մարմնավաճառությանը։ Եվ, այսպես, ինչպե՞ ս է «հնագույն մասնագիտությունը» ներկայացվել «նորագույն արվեստում»։

«ԱՌԿԱ Style»–ն ընթերցողի է ներկայացնում ֆիլմերի իր ընտրանին, որտեղ գլխավոր հերոսուհիները թեթևաբարո կանայք էին։

1. «Կաբիրիայի գիշերները» (իտ. Le Notti Di Cabiria, Իտալիա, 1957)

Նեոռեալիզմի և եվրոպական կինոյի վարպետ Ֆեդերիկո Ֆելլինիի դասական դրաման։ Գլխավոր հերոսուհին` Կաբիրիան, որը զբաղվում է մարմնավաճառությամբ և միաժամանակ իսկական ու բարձր զգացմունքներ է փնտրում, ի վերջո, գտնում է իր տղամարդուն և սիրահարվում նրան մաքուր, հուզիչ և, կարծես թե, փոխադարձ սիրով… 

Կաբիրիայի դերը ֆիլմում փայլուն կատարել է մաեստրոյի անփոխարինելի մուսան և սիրելի կինը` Ջուլիետա Մազինան։ Այդ դերի համար ֆիլմից մեկ տարի անց նա արժանացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակի` «Կնոջ լավագույն դեր» անվանակարգում։ Ինքը` Ֆելլինին, նույն տարի ժապավենի համար ստացել է «Ոսկե արմավենի», Օսկար` «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում և 12 այլ պարգևներ։ Նինո Ռոտայի հիասքանչ երաժշտությունը, Մազինայի համեստ ժպիտը և, իհարկե, Ֆելլինիի ռեժիսորական հանճարը «Կաբիրիայի գիշերները» վերածել են ժանրի իսկական դասական գործի։  

2. «Ինտերաղջիկը» (ԽՍՀՄ – Շվեդիա, 1989)

Շվեդ հաճախորդի և լենինգրադցի բուժքրոջ (որը նաև համատեղում է մարմնավաճառի աշխատանքը) պատմությունը Վերակառուցման ժամանակաշրջանի ամենահայտնի ֆիլմերից էր։ «Ինտերաղջիկը» Վլադիմիր Կունինի համանուն վիպակի էկրանավորումն է։ Կունինը խորհրդային ժամանակաշրջանում ուսումնասիրել է մարմնավաճառների պրոֆեսիոնալ գործունեությունը և մի քանի ամիս հետևել նրանց աշխատանքին Լենինգրադի հյուրանոցներից մեկում։

Չնայած թեմայի բարդությանը` ռեժիսոր Տոդորովսկուն հաջողվել է նկարահանել ժամանակից դուրս և կոնկրետ հանգամանքների հետ չառնչվող ժանրի դրամա։ Ֆիլմը, որտեղ մարմնավաճառի դերը կատարել է Ելենա Յակովլևան, ճանաչում էր վայելում խորհրդային հեռուստադիտողի շրջանում, 1989 թվականին Խորհրդային միությունում այն դիտել էր ավելի քան 40 մլն հեռուստադիտող։ Ավելի ուշ ֆիլմը վաճառվել է արտերկիր վարձույթի համար և նշվել խորհրդային և միջազգային կինոփառատոներում։ 

3. «Հրեշը» (անգլ. Monstr, ԱՄՆ-Գերմանիա, 2003) 

Ֆիլմը հիմնված է Ամերիկայում սերիական կին մարդասպան Էյլին Ուորնոսի կյանքի իրական պատմության վրա, ով երկար տարիներ մարմնավաճառությամբ էր գումար վաստակում։ Հետաքրքիր է, որ Ուորնոսը մահապատժի է ենթարկվել մահացու ներարկման միջոցով 2002 թվականի հոկտեմբերի 9–ին, այսինքն՝ այն ժամանակ, երբ ընթանում էին «Հրեշը» ֆիլմի նկարահանումները։ 

2004 թվականին մարմնավաճառի, լեսբուհու, սերիական մարդասպանի դերը կատարած Շարլիզ Թերոնն արժանացավ Օսկարի` կնոջ լավագույն դերի համար։ Պարգևը միանգամայն վաստակած էր` կերպարի առավելագույն հավաստիության համար նա գիրացել էր ավելի քան 13 կգ–ով։

4. «Վտանգավոր գեղեցկություն» (անգլ. Dangerous Beauty, ԱՄՆ, 1998)

1998 թվականին էկրան է բարձրացել «Վտանգավոր գեղեցկություն» ֆիլմը, որը նկարահանվել է Վերածննդի դարաշրջանի վենետիկյան կուրտիզանուհի և դերասանուհի Վերոնիկա Ֆրանկոյի կենսագրության հիման վրա` գրված  Մարգարեթ Ռոզենտալի կողմից 1992 թվականին։ Վերոնիկայի դերը կատարել է անգլիացի դերասանուհի Քեթրին Մաքորմաքը։ Գործողությունը ծավալվում է 1583 թվականին, ֆիլմում նկարագրվում է Վերոնիկայի և հայտնի տոհմիկ ազնվական Մարկոյի սիրո պատմությունը։ 

Ֆիլմը հետաքրքիր է, այդ թվում, նրանով, որ գլխավոր հերոսուհին հորինված կերպար չէ, այլ 16–րդ դարի ցոփ Վենետիկի ժամանակների իրական կերպար։ Ոգեշնչվելով նրա կենսագրությունից` ռեժիսոր Մարշալ Հերսկովիցը պատմեց այն մասին, թե ինչպես մենաստանից փախուստի դիմած և կուրտիզանուհի դարձած Վերոնիկան կարողանում է փրկել Վենետիկը թուրքական զավթումից։ Ինկվիզիցիայի կողմից զրպարտված Վերոնիկա Ֆրանկոյի պատմությունը դարձավ կուրտիզանուհիների պաշտպանության մանիֆեստ։ Վերոնիկան այն հազվագյուտ դեպքն է, երբ հնագույն մասնագիտության ներկայացուցիչը պատմություն է մտել ոչ միայն իր սեռական խրախճանքների վարպետության շնորհիվ, այլ նաև որպես իտալական Ռենեսանսի առանձնահատուկ բանաստեղծուհի։ 

5. «Մուլեն Ռուժ» (ֆր. Moulin Rouge!, Ավստրալիա–ԱՄՆ, 2001)

Աղքատ բրիտանացի բանաստեղծի և գեղեցկադեմ կուրտիզանուհի Սատինի մոնմարտրյան սիրավեպի պատմությունը։ Նրանց դերերը հիանալի կատարել են Յուեն Մաքգրեգորը և Նիկոլ Քիդմանը։ Ֆիլմի 300 կոստյումների ստեղծման համար աշխատել է 80 մասնագետ, իսկ Քիդմանը ֆիլմում կրել է կինեմատոգրաֆի պատմության մեջ ամենաթանկ` մեկ միլիոն դոլար արժեցող վզնոցը։ Ավստրալացի ռեժիսոր Բազ Լուրմանը ստացել է քիթչի, փոփ–արտի և օպերային բեմադրության գունեղ միախառնում դրամատիկ մյուզիքլի ժանրում՝ հիանալի դեկորացիաներով և գեղեցիկ երաժշտական պարտիաներով, որոնք, ի դեպ, կատարել են հենց դերասանները։ «Մուլեն Ռուժ»–ը երկրորդ հազարամյակի սկզբում վառ հետք թողեց կինոյի պատմության մեջ և ճանապարհ հարթեց «Չիկագոյի» և մյուզիքլների հաջորդ էկրանավորումների համար։

Շարունակելի…