Կինո

20–րդ դարում կինեմատոգրաֆը «նորագույն արվեստ» են կոչել, իսկ ընդունված «հնագույն մասնագիտություն» բառակապակցությունը, ինչպես հայտնի է, վերագրվում է մարմնավաճառությանը։ Եվ, այսպես, ինչպե՞ ս է «հնագույն մասնագիտությունը» ներկայացվել «նորագույն արվեստում»։

«ԱՌԿԱ Style»–ն ընթերցողին է ներկայացնում ֆիլմերի իր ընտրանին, որտեղ գլխավոր հերոսուհիները թեթևաբարո կանայք էին։

«Գեյշայի օրագիրը» (անգլ. Memoirs of a Geisha, ԱՄՆ, 2005)

Ռեժիսոր Ռոբ Մարշալը, թևավորված «Չիկագո» մյուզիքլի հաջողությամբ, էկրանավորել է ժամանակակից գրող Արթուր Գոլդենի «Գեյշայի օրագիրը» բեսթսելերը, որը վաճառվել է ավելի քան 4 միլիոն տպաքանակով և թարգմանվել աշխարհի ավելի քան 30 լեզուներով։ 

Ֆիլմը պատմում է Չիո անունով աղջկա մասին, ով մոր մահից և նրանից հետո, երբ հայրը նրան վաճառեց, հայտնվում է գեյշաների տանը ծառայելու համար, որտեղ ստանում է Սայուրի նոր անունը։ Չնայած, որ Չինաստանում և Ճապոնիայում ֆիլմը բազմաթիվ բացասական արձագանքներ է ստացել և խիստ քննադատության է ենթարկվել փաստացի սխալների և դերասանական կազմի համար, արևմուտքում ժապավենն արժանացել է երեք Օսկարի, երեք BAFTA մրցանակի, մեկ Ոսկե գլոբուսի։ Բացի այդ, ֆիլմի սաունդթրեքների ալբոմը ստացել է Գրեմմի մրցանակ։ 

«Կտոր մը երկինք» (Հայկական ԽՍՀ, 1980)

Հենրիկ Մալյանի լուսավոր, մի փոքր թախծոտ ժապավենի հիմքում մաքուր և պարզամիտ Թորիկի սերն է ամոթալի արհեստով զբաղվող Անժելի նկատմամբ։ Սեր, որն առաջացնում է արևմտահայկական փոքրիկ քաղաքի ողջ հասարակության քամահրանքը։ 

Հերոսի` իր երջանկությունը պաշտպանելու վճռականությունն ու համարձակ ձգտումը մինչ օրս ստիպում է հեռուստադիտողին սրտակցել ժապավենի հերոսներին։ Վահան Թոթովենցի պատմվածքի մոտիվներով նկարահանված ֆիլմին առանձնահատուկ գրավչություն է հաղորդում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի գրած հիանալի երաժշտությունը։

«Մեղքերի քաղաքը» (անգլ. Sin City, ԱՄՆ, 2005)

«Մեղքերի քաղաքը» — քրեական թրիլեր է, Ֆրենկ Միլերի «Մեղքերի քաղաքը» շարքի նուար ոճի չորս գրաֆիկական վեպերի էկրանավորում` ռեժիսոր Ռոբերտ Ռոդրիգեսի և Միլերի աշխատանքի շնորհիվ։ 

Շարքի գործողությունը ծավալվում է Բեյսին–Սիթի հորինված քաղաքում, որը հիմնվել է ոսկի փնտրողների ճանապարհին որպես իջևանելու կետ, որտեղ նրանք կարող են իրացնել ապրանքը և հանգստանալ աղջիկների հետ` այստեղից էլ Բեյսին–Սիթիի «մեղքերի քաղաք» անվանումը։ 

Բեյսին–Սիթիի սիրտը «Հին քաղաքն է»` հասարակաց տների թաղամասը, որտեղ կարգուկանոնը պահպանում են մարմնավաճառների զինված ջոկատները։ Նրանք պատրաստ են պաշտպանել իրենց անկախությունը մինչև վերջ, և ո’չ մաֆիան, ո’չ ոստիկանությունը չեն համարձակվում միջամտել նրանց գործերին։ Ֆիլմը ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում 2005 թվականին և Գրան–պրի է ստացել «Վիզուալ սրման համար» անվանակարգում։ 

«Սամարացի աղջիկը» (անգլ. Samaritan Girl, Հարավային Կորեա, 2004)

Արտհաուսային կինեմատոգրաֆի կենդանի դասական Կիմ Կի Դուկի գեղեցիկ կինոառակը պատմում է երկու դպրոցական աղջիկների` Յոչինի և Չեյոնի մասին, ովքեր արտասովոր տարբերակ են գտնում Եվրոպա մեկնելու համար՝ գումար վաստակելու նպատակով։ Յոչինը գտնում է հարուստ տղամարդկանց և պահակ է մնում հյուրատան համարի մոտ, որտեղ Չեյոնը նրանց հետ մարմնավաճառությամբ է զբաղվում։ Երբ Չեյոնը ստիպված է լինում թանկ գին վճարել, Յոչինը որոշում է քավել մեղքը նրա առջև` վերադարձնելով Չեյոնի նախկին հաճախորդների գումարները։ 

Ռեժիսորական լավագույն աշխատանքի համար Կիմ Կի Դուկը ստացել է Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե Արջ» մրցանակը։ Ռեժիսորի` սիմվոլիկայի, սյուժեի գիտակցված անտրամաբանության հակվածությունը, ինչպես նաև իմաստային միջուկի գրավչությունը, և, իհարկե, վարպետի անկրկնելի էսթետիկան այդ ֆիլմը խորհրդանշական են դարձրել ասիական հեղինակային կինոյի համար։ 

«Սիրունիկը» (անգլ. Pretty Woman, ԱՄՆ, 1990)

Մոլորվելով գիշերային քաղաքում` ֆինանսական մագնատ Էդվարդ Լյուիսը հանդիպում է փողոցային մարմնավաճառ Վիվիենին։ Ակնթարթային ծանոթությունը ոչ միայն Էդվարդին է ստիպում  վերաիմաստավորել կյանքի արժեքները, այլ նաև նրա նոր ծանոթ կնոջը։ Նա չի ցանկանում պարզապես ապրել միլիարդատիրոջ հաշվին, ով կգա և կտանի նրան պայծառ ապագա մռայլ ներկայից։  

Արդեն երրորդ տասնամյակն է, որ Ռիչարդ Գիրը և Ջուլիա Ռոբերթսը չեն կորցնում ճանաչվածությունը։ Գռեհկության բացարձակ բացակայությունը, գեղեցիկ կոլորիտային հումորը և Ռոյ Օրբիսոնի «Pretty Woman» նոր շունչ ստացած սաունդթրեքը «Սիրունիկը» դարձնում են ռոմանտիկ և կատակերգական մելոդրամների սիրահարների անփոխարինելի ուղեկից։ 

Ջուլիա Ռոբերթսի «Մոնա Լիզայի հոլիվուդյան ժպիտը» արդեն վաղուց դարձել է նրա հեղինակային բրենդը։ Նույնն էլ վերաբերում է նրա կերպարին, որը բացառապես իր տաղանդի շնորհիվ համեմատվում է ոչ միայն մարմնավաճառի, որքան ամենաիսկական «սիրունիկի» հետ։ -0-