Կինո

«Ոսկե ազնվամորի» հակամրցանակի ժյուրին հայտարարել է տարվա ամենակասկածելի ձեռքբերումների հավակնորդներին, հայտնում է Cosmo.ru–ն։

Սովորականի պես, «Օսկարի» նոմինանտների հայտարարման նախօրեին հայտնի է դառնում նաև նրանց ցուցակը, ովքեր կարող են տարվա հակամրցանակ ստանալ` դառնալով «Ոսկե ազնվամորի» մրցանակի դափնեկիր։ Այս տարի ամենակասկածելի ձեռքբերումներով կինոմատոգրաֆում կարող է ճանաչվել Մայքլ Բեյի «Տրանսֆորմերներ։ Ոչնչացման դարաշրջան» ֆիլմը։

Ժապավենն ընդգրկվել է անվանակարգերում յոթ անգամ` այն «Ոսկե ազնվամորու» է հավակնում որպես ամենավատ ֆիլմ, բացի այդ, վատագույն են առաջարկում ճանաչել նրա ռեժիսորին, սցենարի հեղինակին, երկրորդ պլանի դերասանուհուն և դերասանին և էկրանային անսամբլը։ Բացի այդ, «Տրանսֆորմերներ։ Ոչնչացման դարաշրջան» ֆիլմն ընդգրկված է տարվա ամենավատ սիքվել անվանակրգում։

«Տարվա ամենավատ ֆիլմ» անվանակարգում են նաև «Փրկել Սուրբ ծնունդը», «Թողնվածները», «Հերակլես. Լեգենդի սկիզբը» և «Նինձյա կրիաներ» ֆիլմերը։ 

Տարվա ամենավատ դերասանի և դերսասանուհու կոչմանն են հավակնում Նիկոլաս Քեյջը, Սեթ Մակֆարլեյնը, Ադամ Սենդլերը, Դրյու Բերիմորը, Քեմերոն Դիասը և Շարլիզ Թերոնը։

 Բացի Մայքլ Բեյից «ամենավատ ռեժիսոր» դառնալու բոլոր հնարավորություններն ունեն Ռենի Հարլինը («Հերակլես. Լեգենդի սկիզբը» ժապավենի համար), Ջոնաթան Լիբեսմանը («Նինձյա կրիաներ» ֆիլմի համար), Դարեն Դոանը («Փրկել Սուրբ ծնունդը») և Սեթ Մաքֆարլեյնը  («Գլուխը կորցնելու միլիոն տարբերակ»)։

«Ոսկե ազնվամորու» կազմակերպիչներն անակնկալներ են պատրաստել այն աստղերի համար, որոնք մի ժամանակ եղել են այդ մրցանակի նոմինանտ կամ դրա դափնեկիր են դարձել` նոր անվանակարգ է սահմանվել` հեղինակության լավագույն վերականգնման համար։ Այդպիսով, վերականգնվելու հնարավորություն ունեն այս անգամ դերասաններ Ջենիֆեր Էնիսթոնը, Կրիստեն Սթյուարտը, Բեն Աֆլեքը, Կիանու Ռիվզը և Մայք Մայերսը, ովքեր, ժյուրիի կարծիքով, իրենց արժանի են դրսևորել 2014 թվականին։ -0-