Կինո

«Ողբերգության էկրանային կերպարը. Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին ընդառաջ» ֆիլմերի ծրագիր կներկայացվի Մոսկվայի XXXVII միջազգային կինոփառատոնի շրջանակում (ՄՄԿՓ), հաղորդում է Ինտերֆաքսը` հղում անելով ՄՄԿՓ–ի պաշտոնական կայքին։ 

«Ֆիլմերի ծրագիրը, որը նվիրված է հայ ժողովրդի ողբերգությանը, ընդգրկում է արդիական քաղաքական և հումանիտար խնդիրների ամենատարբեր ոլորտները, որոնք ներկայացված են տարբեր սերունդների և ազգությունների նկարիչների և սոցիոլոգների տեսակետից», – նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։ 

Այսպես, փառատոնի շրջանակում կցուցադրվի Կառլա Գարաբեդյանի և Փիթեր ՄաքԱլևի «Ճչացողները» ֆիլմը, որտեղ XX դարասկզբի իրադարձությունները համադրվում են Ռուանդայում և Դարֆուրում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Խորհրդային կինոյի դասականներ Հենրիկ Մալյանի («Նահապետ») և Ֆրունզե Դովլաթյանի («Երկունք») ֆիլմերը կառաջարկեն Խորհրդային Հայաստանի ձևավորման տարբերակներ, որոնք ներկայացված են արտագաղթից հետո հալածանքների զոհերի ճակատագրերի պրիզմայի միջով։ 

Ռեժիսոր Լուսին Դինքի «Սարոյանլենդ» ֆիլմը կպատմի ամերիկահայ գրողի հայ նախնիների հետքերով 1964 թ.–ին Թուրքիա կատարած նրա ճամփորդության մասին։

«Ներսես Հովհաննիսյանի «Հանդիպում ցուցահանդեսում» կարճամետրաժ ժապավենը բացահայտում է ճակատագրի դրամատիզմը, որը դրսևորվում է երկու եղբայրների ուշացած հանդիպմամբ, որոնց բաժանել է 1915 թ.–ի ցեղասպանությունը։ Արտակ Իգիթյանն ու Վահան Ստեփանյանը 2011 թ.–ին նկարահանած «Վանա ծովուն արշալույսը» հայկական ֆիլմում ներկայացնում են հարյուրամյա վաղեմության իրադարձությունների նկատմամբ ժամանակակից հայացքն ու դրանց հետևանքները», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

Փառատոնի շրջանակում նախատեսված են «Քրդական կինոյի ֆենոմեն», «Բուլղարիայի կինոյի 100–ամյակին ընդառաջ» և «Թուրքական կինո. երեկ և այսօր» ֆիլմերի ծրագրերը։ 

ՄՄԿՓ–ի շրջանակում կցուցադրվեն նաև ֆիլմերի այլ հատուկ ծրագրեր` «Քառասնականներ. ճակատագրական…», «Ֆասբինդերի շուրջ», «Կանացի պայթյուն», «Ատելիե», «Ֆիլմեր, որոնք այստեղ չեն եղել», «Արևադարձային էյֆորիա», «Ութուկես ֆիլմ», վավերագրական «Ազատ միտք» ծրագիրը։

Մոսկվայի XXXVII միջազգային փառատոնը կանցկացվի Մոսկվայում հունիսի 19–26–ը։–0–