Լոս Անջելեսում ապրիլի 17–ին կայացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «1915» ֆիլմի պրեմիերան, ապրիլի 19–ին սպասվում է մոսկովյան պրեմիերան, ապրիլի` 22–ին` նյույորքյան, ապրիլի 25–ին` երևանյան։

«Bloodvine Media» և «Strongman» ընկերությունները հանդիսատեսի դատին են հանձնել «1915» հոգեբանական թրիլլերը, որը պատմում է ժամանակակից պատմության ամենասարսափելի իրադարձություններից մեկի` Հայոց ցեղասպանության մասին։

«1915»–ը Կարին Հովհաննիսյանի և Ալեք Մուհիբյանի համատեղ աշխատանքն է և պատմում է գլխավոր հերոսի վտանգավոր և վիճելի առաքելության մասին, ում վիճակված է վերապրել մոռացված վիշտը։ 

Հայազգի աշխարհահռչակ ռոք երաժիշտ, «Գրեմմի» մրցանակակիր, System of a Down ռոք–խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆիլմի կոմպոզիտորն է, և դա նրա դեբյուտն է կինոյում։

Ֆիլմի պրոդյուսերն է Թերի Լեոնարդին, դերերում են` Սիմոն Աբգարյանը, Անժելա Սարաֆյանը, Սեմ Փեյջը, Նիկոլայ Կինսկին և Ջիմ Փիդդոքը։ -0-