Կինո

Դենիել Քրեյգից հետո հանրահայտ Ջեյմս Բոնդ կարող է դառնալ սևամորթ դերասան Իդրիս Էլբան։ Այդ մասին ասվում է Sony Pictures Entertainment կինոընկերության վրա կատարած ցանցային գրոհից հետո հրապարակված նամակագրությունում։

Ինչպես հայտնում է Daily Beast–ը, Բոնդի դերը բրիտանացի Էլբային է առաջարկել Sony Pictures Entertainment–ի համանախագահ Էմի Պասկալը։ «Իդրիսը պետք է լինի հաջորդ Բոնդը»,– գրել է նա 2014 թվականի հունվարին նամակում։ Դերասանը հայտնի է «Ռոք–ն–ռոլ պարողը» (2008), «Տոր» (2011), «Պրոմեթևս» (2012), «Խաղաղօվկիանոսյան սահման» (2013) ֆիլմերում խաղացած դերերով։

Daily Beast–ի տվյալներով, Էլբայի թեկնածությունը քննարկվում է մի քանի տարի, եթե նրան հաստատեն, ապա նա կդառնա առաջին սևամորթ Ջեյմս Բոնդը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Գործող» գործակալ 007 Դենիել Քրեյգն այժմ չորրորդ անգամ է նկարահանվում այդ դերում` «007։ Սպեկտր» 24–րդ ֆիլմում, որն էկրան կբարձրանա 2015 թվականին։ Մինչ այդ Քրեյգը բրիտանացի լրտեսին «Կազինո Ռոյալ» (2006), «Գթության քվանտ» (2008) և «007։ Կոորդինատներ` Սքայֆոլ» (2012)։

«Բոնդապատման» առաջին ֆիլմի` «Դոկտոր Նոուի» պրեմիերան կայացել է 1962 թվականին։ Յան Ֆլեմինգի լրտեսական պատմությունների էկրանավորումն այնքան հաջողված էր, որ EON Productions Ltd ընկերությունը հետագա ֆիլմերի նկարահանման պայմանագիր կնքեց։ Տարբեր ժամանակներում 007 գործակալի դերը կատարել են Շոն Քոներին, Ջորջ Լեզենբին, Ռոջեր Մուրը, Թիմոտի Դալթոնը, Փիրս Բրոսնանը։ -0-