Կինո

Ռուս ռեժիսոր Ալեքսեյ Գերման կրտսերը սկսում է գրող Սերգեյ Դովլաթովի մասին գեղարվեստական նոր ֆիլմի նկարահանումները, որի սյուժեն կառուցված է 1971 թվականին Լենինգրադում նրա կյանքի մի քանի օրերի շուրջ, հաղորդում է Bbc.co.uk–ը։

ժապավենի աշխատանքային անվանումն է «Դովլաթով»։ Գերման կրտսերն արդեն մի քանի տարի ուսումնասիրում է արխիվները և խորհրդակցում գրողի ընտանիքի հետ, որը կողմ է նախագծի գաղափարին։

«Հակասական իրավիճակների հորձանուտը, զրույցները Բրոդսկու հետ, Լենինգրադի բարձրաշխարհիկ կյանքը, «Սայգոն» սրճարանը, Դրամատիկական մեծ թատրոնը վերելքի տարիներին, «Լենֆիլմ» կինոստուդիան, բանաստեղծությունների ասմունքը, երաժշտությունը, լրագրողի աշխատանքը` այդ ամենը «Դովլաթով» ֆիլմը ոչ միայն կենսագրական դրամայի է վերածում, այլ նաև դարաշրջանի դիմանկարի»,– ասվում է ֆիլմի պրոդյուսերների հաղորդման մեջ։ 

Ինքը` Գերման կրտսերն այսպես է պատկերացնում ֆիլմի գաղափարը։ 

«Ես ուզում էի «բռնել» այն ժամանակահատվածը, երբ հերոսները դեռ երիտասարդ են, երբ պատանեկության ավարտի և ավելի հասուն կյանքի միջև ընկած այդ անցումային տարիքն է։ Որովհետև նրանք, ըստ էության, երիտասարդ մարդիկ էին։ Դովլաթովը մահացել է ոչ մեծ տարիքում (նա մահացել է 48 տարեկանում), Բրոդսկին մահացել է 55 տարեկանում»,– ասել է նա։
 
Նա միաժամանակ նշել է, որ դեռ չի կողմնորոշվել այն դերասանի հարցում, ով կմարմնավորի Դովլաթովի կերպարը։ -0-