Կինո

«Գահերի խաղը» սերիալի վեցերորդ եթերաշրջանում կհայտնվի նոր առանցքային կերպար։ Ինչպես հաղորդում է The Hollywood Reporter–ը` հղում անելով HBO ալիքին, սերիալում կհայտնվի Էուրոն Գրեյջոյը, ում դերը  կկատարի դանիացի դերասան Յոհան Ֆիլիպ Ասբեքը, ով հայտնի է «Բորջիա» հեռուստաֆրանշիզից։

Կերպարը հայտնվում է Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգ» վիպաշարի «Գիշատիչների խրախճանքը» գրքում, որի հիման վրա նկարահանվում է սերիալը։ Էուրոնը Վեստերոսի նվաճման պլաններ է կազմում Դեյեներիսի և նրա վիշապների հետ միասին։ Նա «Լռակյաց» նավի նավապետն է, իսկ նրա խումբը կազմված է համրերից, որոնց լեզուները նա սեփական ձեռքով է կտրել, հաղորդում է Lenta.ru–ն։

Ագռավի աչք մականունով Էուրոնը Թեոնի և Յարեի հորեղբայրն է, ինչպես նաև Բեյլոն Գրեյջոյի եղբայրը։ Գրքերում նա համարվում է ամենագեղեցիկը Քվելոն Գրեյջոյի որդիներից, նկարագրվում է որպես բարձրահասակ, կապտաչյա սևահեր, մուգ կոկիկ մորուս ունի, հաճախ ժտպում է և իր տարիքից երիտասարդ է երևում։

Վեցերորդ եթերաշրջանում Ասբեքը կմիանա սագայի այլ նոր հերոսներին` երեք աչքանի ագռավի դերում հաստատված Մաքս ֆոն Սյուդովին և Իեն Մաքսշեյնին, որի դերը դեռ հայտնի չէ։

«Գահերի խաղի» վեցերորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են հուլիսին։ Էդիզոդների սյուժեն հիմնված է ինչպես արդեն հրատարակված, այնպես էլ լույս չտեսած գրքերի վրա. Մարտինը սերտորեն համագործակցում է հեռուստասագայի ստեղծողների հետ։ -0-