Կինո

Ամերիկացի դերասան Քիթ Հարինգթոնը` «Գահերի խաղ» սերիալում Ջոն Սնոուի դերակատարը, ամերիկյան  Entertainment Weekly պարբերականին պատմել է, որ չէր սպասում իր հերոսի մահվանը հինգերորդ սեզոնի վերջին մասում։

«Ես չեմ կարդացել «Վիշապների հետ պարը», բայց կարդացել եմ Ջորջ Մարտինի մյուս գրքերը և լսել եմ, որ դա կատարվելու է։ Ավելին, ես հասկանում էի, որ դա տեղի է ունենալու հինգերորդ սեզոնում։ Բայց գրեթե մինչև վերջ չէի գիտակցում, որ դա կկատարվի վերջում և այդպես կցնցի հանդիսատեսին»,– ասել է Հարինգթոնը:

Նա նաև խոստովանել է, որ միշտ հաճելի է, երբ քո հերոսի մահը սեզոնի վերջին իրադարձությունն է։

Ավելի վաղ Մարտինն ակնարկում էր, որ Ջոն Սնոուն կարող է ողջ մնալ, սակայն, Հարինգթոնի խոսքով, հեռուստաֆիլմի պրոդյուսերներն ու սցենարիստը հայտնել են նրան, որ նրա հերոսը չի վերադառնա հաջորդ սեզոնում։

«Ինձ երբեք չեն ասել, թե ինչ է հետո լինելու «Գահերի խաղում», իսկ այս անգամ ասացին։ Եվ եթե ինչ–որ բան այլ կերպ լինի, ապա ես այդ մասին չգիտեմ։ Նշանակում է, որ դա է պրոդյուսերների մտահղացումը։ Ինձ ասել են, որ իմ հերոսը չի վերադառնա»,– ասել է դերասանը։

«Գահերի խաղի» հինգերորդ սեզոնի վերջին` տասներորդ մասը ցուցադրվել է հունիսի 14–ի երեկոյան HBO ալիքով։ Դրվագի իրադարձությունները բանավեճեր են առաջացրել մամուլում և երկրպագուների շրջանում։ Վեցերորդ սեզոնի նկարահանումները կսկսվեն 2015 թվականի հուլիսի վերջին, հաղորդում է Lenta.ru-ն:

«Գահերի խաղ» հեռուստասերիալը հիմնված է Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգ» վեպերի շարքի վրա։ Առաջին գիրքը լույս է տեսել 1996 թվականին։ 2011 թվականին HBO հեռուստաալիքը սկսել է սերիալի ցուցադրությունը, որի յուրաքանչյուր սեզոնը մոտավոր համապատասխանում է մեկ կամ երկու գրքի։ Նախագիծն առավել մեծ բյուջե ունի հեռուստատեսությունում և ամենաթանկն է ֆենթզի ժանրում։ «Գահերի խաղը» հեռուստատարբերակը երկու անգամ եղել է «Էմմիի» անվանակարգերում և ստացել է «Հյուգո» մրցանակ լավագույն բեմադրման համար։ -0-