Կինո

Երեքշաբթի Երևանում անցկացվեց «Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը։ Ֆիլմը ստեղծվել է «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակում և նվիրված է Բաքվում իրականացված հայերի ջարդերի 25–րդ տարելիցին։

Ֆիլմի ռեժիսոր, ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակական կապերի կենտրոնի «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը հայտնեց, որ ֆիլմի համար հիմք են ծառայել Բաքվի փախստականների հետ հարցազրույցները, որոնք նախագծի նկարահանող խումբն անցկացրել է ԱՄՆ–ում։

Նրա խոսքով` ֆիլմում օգտագործված է այդ հարցազրույցների և հիշողությունների միայն փոքր մասը, սակայն վկայություններն ամբողջովին կհրապարակվեն այս տարվա ամռանը առանձին ժողովածուի տեսքով։

«Ֆիլմի կոնցեպտուալ գաղափարը 20–րդ դարի սկզբում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների և 1980–1990–ականներին Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում հայերի հետ տեղի ունեցած իրադարձությունների անբաժանելի կապն է», – ասաց նա։

Գրիգորյանն ընդգծեց, որ Արևմտյան Հայաստանում հալածանքների ենթարկված նախնիների մասին փախստականների հիշողությունները վկայում են, որ Ադրբեջանը թուրքական քաղաքականության հետնորդն է, այդ հիշողությունները վկայում են նաև հայ ժողովրդի նկատմամբ կիրառված ցեղասպանության շարունակականության մասին։

«Փախստականների պատմությունները բացահայտում են նաև Բաքվի` մինչև օրս անհայտ մնացած ջարդերի մանրամասները։ Նրանց վկայությունները վերացնում են բոլոր կասկածները, որ  Բաքվի 250 հազար հայերի նկատմամբ իրականացված բռնությունն ու սպանությունները սկսվել են Սումգայիթի իրադարձություններից անմիջապես հետո` գագաթնակետին հասնելով 1990թ.–ի հունվարին», – նշեց նա։

Գրիգորյանն ընդգծեց, որ Հայաստանն առաջին անգամ է նման նախագիծ իրականացնում պետական մակարդակով։

«Այս նախագծի նպատակն է պատմության համար պահպանել ականատեսների վկայությունները, ովքեր անցել են ցեղասպանության դժոխքի միջով և օտար երկրում նոր կյանք սկսելու ուժ են գտել իրենց մեջ։ Հիմա ԱՄՆ–ում բնակվում է ավելի քան 55 հազար հայ, որոնցից շատերը միայն ջարդերից հետո են իրենց մեջ բացահայտել հայկական ինքնությունը` այսօր դառնալով ԱՄՆ–ի հայկական համայնքների ակտիվ անդամներ», – ասաց նա։

Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ ֆիլմն արդեն թարգմանվել է ռուսերեն և անգլերեն, ինչպես նաև նախատեսվում է թարգմանել այն այլ լեզուներով։ Բաքվում հայերի ջարդերի 25–րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ–ի մի շարք քաղաքներում։

Ֆիլմի սցենարի հեղինակներն են Մարինա Գրիգորյանն ու Լարիսա Ալավերդյանը։

«Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա երեքշաբթի երեկոյան «Արմենիա» հեռուստաալիքով։

«Սովորական ցեղասպանություն» նախագիծն իրականացվում է 2009թ.–ից ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակական կապերի կենտրոնի նախաձեռնությամբ։ Նախագծի շրջանակում արդեն ստեղծվել է 5 վավերագրական ֆիլմ, հրատարակվել են գրքեր տարբեր լեզուներով, մշակվել է կայք և պատրաստվել են տարբեր տեղեկատվական ու քարոզչական նյութեր։ -0-