Կինո

Ռուս հեռուստա և կինոպրոդյուսեր, ռուսական «Ցենտրալ Պարտներշիփ» խոշորագույն կինոընկերության հիմնադիր, «Մարս Մեդիա Էնթերթեյնմենթ»–ի ստեղծող Ռուբեն Դիշդիշյանը Facebook–ի իր էջում գրել է այն մասին, որ աշնանը Հայաստանում իր ընկերությունը կսկսի «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմի նկարահանումները։ 

«Աշնանը Հայաստանում կսկսվեն «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմի նկարահանումները, որն անում ենք Սարիկ և Ղևոնդ Անդրեասյանների հետ։ Շատ ուժեղ սցենար է, որը գրել են Սերգեյ Յուդակովը և Ալեքսեյ Գրավիցկին` Արսեն Դանիելյանի հետ համահեղինակությամբ, Լենինականի (ներկայիս` Գյումրի) 1988 թվականի երկրաշարժի մասին։ Գլխավոր դերը կխաղա Կոնստանտին Լավրոնենկոն։ Սկսվել է հիմնական քասթինգը։ Շատ եմ ոգևորված նախագծով»,– գրել է Դիշդիշյանը։

Ավելի վաղ ասվել է, որ «Մարս Մեդիա» ընկերությունն սկսել է աշխատել սկսել Հայաստանի երկրաշարժի մասին մեծածավալ դրամայի շուրջ։ «Մի երկրաշարժի պատմություն» ժապավենն ավելի քան մեկ միլիոն մարդու կյանքում հետք թողած և տասնյակ հազարավոր կյանքեր խլած աղետի մասին է։ 

Սյուժեի կենտրոնում պատանի Ռոբերտն է, ում ծնողները զոհվել են սեփական տան փլատակների տակ` շենքը փլուզվել է շինարարների անփութության պատճառով։ Ողբերգության մեղավորը` ռուս մասնագետը, արդարացվել է դատարանի կողմից, իսկ Ռոբերտին անօթևան մարդու համար ոչ զարմանալի ճակատագիր էր սպասվում` մանկատուն և բանտ։ 

Հետագայում երկրաշարժի ընթացքում Ռոբերտը հայտնվում է ազատության մեջ և հանդիպում է աշխղեկի հետ, որից տղան երդվել էր վրեժխնդիր լինել։ Աղետի ֆոնին երիտասարդը կանգնում է բարոյական բարդ ընտրության առջև։ 

Երկրաշարժը Հայկական ԽՍՀ հյուսիս–արևմուտքում գրանցվել է 1988 թվականի դեկտեմբերի 7–ին։ Աղետի մագնիտուդը գնահատվել էր 6.8 բալ` միջազգային դասակարգմամբ։ Մեկ րոպեից էլ պակաս ժամանակում ցնցումները ոչնչացրեցին  Սպիտակ քաղաքը և ուժեղ վնաս հասցրեցին տասնյակ քաղաքների և հարյուրավոր գյուղերի։ Ստորգետնյա ցնցումներից անջատված էներգիան հավասարազոր էր Հիրոսիմայի վրա նետած ռումբի տասնապատիկ ուժին։ Աղետի գոտում եղել է մոտ մեկ միլիոն մարդ։ Նրանցից 25 հազարը զոհվել է, 19 հազարը հաշմանդամ է դարձել, իսկ կես միլիոնից ավելի մնացել է անօթևան։ -0-