Կինո

Դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն կխաղա մի ֆիլմում, որը կնկարահանվի վավերագետ և ամերիկացի լրագրող Էրիկ Լարսոնի «Դևը Սպիտակ քաղաքում» (The Devil In The White City) գրքի հիման վրա: Այս մասին հայտնում է Lenta.ru–ն` հղում անելով Deadline–ին։ Ֆիլմի ռեժիսորն է լինելու Մարտին Սկորսեզեն, ով արդեն աշխատել է դերասանի հետ հինգ ֆիլմերում։ Ժապավենի վարձութային ժամանակացանկը դեռ չի նշվում։

Լարսոնի աշխատանքը հիմնված է իրական դեպքերի վրա։ Ենթադրվում է, որ ԴիԿապրիոն կմարմնավորի Չիկագոյի հյուրանոցներից մեկի տիրոջ, սերիական մարդասպան Հենրի Հոլմսի կերպարը: Տարբեր տվյալների համաձայն, 1893 թվականին Կոլումբոսի համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ նա հյուրանոցի 50-200 կենվորի է սպանել։ 1894 թվականին Հոլմսին ձերբակալել են, իսկ արդեն երկու տարի անց կախաղան հանել։ Մինչ մահապատիժը նա խոստովանել է, որ 27 մարդու է սպանել։

Ցուցահանդեսի ճարտարապետական խոշոր նմուշներից մեկը կոչվում էր «Սպիտակ քաղաք». գիպսից կերտած քաղաքի թաղամասը, որն իր մեջ ներառում էր նեոկլասիցիզմ և մոդեռն ոճերում 400 ժամանակավոր տաղավար։

Լարսոնի գրքի էկրանավորման մասին առաջին անգամ խոսել են 2010 թվականին։  Այն ժամանակ էլ գլխավոր դերի համար դիտարկում էին Դի Կապրիոյի մասնակցությունը, սակայն ռեժիսոր այդպես էլ չէին գտել, իսկ նախագիծն ավելի ուշ սառեցրել էին։

Դի Կապրիոյի մասնակցությամբ մոտական ֆիլմը` «Կենդանի մնացածը», էկրաններին կհայտնվի 2015 թվականի դեկտեմբերին։ Այն նկարահանում է «Բերդմենի» ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն։ -0-