Կինո

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն «Լեփ–լեցուն սենյակ» նոր ֆիլմում կմարմնավորի մոլագար Բիլլի Միլլիգանի կերպարը, ով տառապում է բազմադեմ անձի համախտանիշով և ունի 24 ենթաանձ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ 

Ֆիլմը կդառնա 1981 թ.–ին լույս տեսած Դենիել Քիզի «Բիլլի Միլլիգանի բազմաթիվ խելքերը» գրքի էկրանավորումը։ Ֆիլմի արտադրությամբ կզբաղվի ԴիԿապրիոյի «Appian Way» ընկերությունը։ ԶԼՄ–ների տվյալներով` դերասանը գրեթե 20 տարի ձգտել է խաղալ այս դերը։ 

Բիլլի Միլլիգանին 1970–ականների վերջում մեղադրել են մի շարք կողոպուտներ, առևանգումներ կատարելու և երեք բռնաբարությունների մեջ։ Նրան արդարացրել են և ուղարկել բուժման այն բանից հետո, երբ փաստաբաններն ապացուցել են, որ այդ հանցագործությունները կատարել են Միլլիգանի մյուս անձերը։ Սա առաջին դեպքն է դատական պրակտիկայում, երբ «բազմադեմ անձ» ախտորոշումն օգտագործվել է մեղադրյալներին արդարացնելու համար։ 1988 թ.–ին բուժումից հետո նրան ազատել են, 2014 թ.–ի վերջում Միլլիգանը մահացել է։ 

Միլլիգանի անձերի թվում են հանցագործ Ֆիլիպը, նարկոդիլեր Քևինը, լեսբուհի Ադալանան, ով «օգտագործել է» Բիլլիի մարմինը բռնաբարության համար, ևս մի քանի անձեր, ովքեր տարբերվում են ինտելեկտի մակարդակով և ընդունակություններով։ –0–