Չուլպան Խամատովան կմարմնավորի Բելլա Ախմադուլինային` Վասիլի Ակսյոնովի «Խորհրդավոր կիրք. վեպ վաթսունականների մարդկանց մասին» վեպի` 12 մասից բաղկացած էկրանավորման մեջ, հաղորդում է Сosmo.ru-ն։

Սերիալի ստեղծողները որոշել են չկենտրոնանալ դերասանների և նրանց հերոսների  արտաքին նմանության վրա։ Այդուհանդերձ, ֆիլմում նկարահանվող Ալեքսանդր Իլյին-կրտսերը նման է Ռոբերտ Ռոժդեստվենսկուն, Ֆիլիպ Յանկովսկին` Եվգենի Եվտուշենկոյին, իսկ Օլեգ Շտեֆանկոն` Յուրի Նագիբինին։ 

Ինչպես և վեպում, ֆիլմում ևս պոետների, գրողների և նրանց սիրելի կին-մուսաների անունները չեն ասվում ուղղակիորեն. նրանց անունները Ակսյոնովը ծածկագրել է։ Սակայն Նելլ Ախխո անունը «մատնում» է Ախմադուլինային, Ռոբերտ Էր անունը` Ռոժդեստվենսկուն, նրա կինը` Ալլա Կիրեևային, Կուկուշ Օկտավ անունը` Բուլատ Օկուջավային։

Սերիալի գլխավոր սյուժետային գիծը գրող Վակսոնի` Վասիլի Ակսյոնովի և նրա ընկերուհու` Ռալիսայի սիրո պատմությունն է։

«Ձնհալի» մթնոլորտը ֆիլմում, որի նկարահանումներն անցկացվել են Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, վերաստեղծված է ամենայն մանրամասնությամբ։ 

Ֆիլմի վերնագիրը և թողարկման ամսաթիվը դեռևս անհայտ են։ -0-