«Բժիշկ Հաուս» հայտնի հեռուստանովելի երկրպագուները հաճելի նորություն ունեն։ Հնարավոր է, որ շոուն կշարունակվի, հաղորդում է Tele.ru–ն։

Դոկտոր Հաուսի մասին պատմող նոր մինի–սերիալի սյուժեն գաղտնի է պահվում։ Սակայն աղբյուրն ակնարկում է, որ հանճարեղ բժիշկ Հաուսը հայտնվում է վերականգնողական կենտրոնում ալկոհոլի և թմրանյութերի կախվածությունից բուժման կուրս անցնելու համար։ Իրադարձությունները նոր ընթացք են ստանում, երբ քաղցկեղից մահանում է Հաուսի լավագույն ընկերը` Ջեյմս Ուիլսոնը, իսկ Լիզա Քադին ամուսնանում է։ Հյու Լորիի հերոսը փորձում է ինքնասպանություն գործել, ինչի հետևանքով նա զրկվում է ոտքից։

Տեղափոխվելով կենտրոն` նա կարող է զրուցել միայն հիվանդասենյակի հարևանի հետ։ Սակայն անհասկանալի պատճառներով նա ընկնում է կոմայի մեջ, և ահա Հաուսը զբաղմունք ունի. նա պետք է ճիշտ ախտորոշում տա։ Դրա համար նա օգնության է դիմում իր գործընկերներին։

Fox ստուդիան դեռևս չի հաստատել այս տեղեկատվությունը։ Սակայն հուսանք, որ բժշկական շոուի շարունակությունն իսկապես կնկարահանվի։ -0-