Կինո

Paramount ստուդիան հրապարակել է Բրեդ Փիթի մասնակցությամբ «Z աշխարհների պատերազմը» զոմբիների մասին թրիլերի շարունակության պրեմիերայի օրը։ Ֆիլմն էկրան կբարձրանա 2017 թ.–ի հունիսի 9–ին, հաղորդում է Kinopoisk.ru–ն։ 

«Z աշխարհների պատերազմը» կարող էր դառնալ Paramount ստուդիայի ամենաձախողված նախագծերից մեկը` հաշվի առնելով այն դժվարությունները, որոնց հետ բախվեց նկարահանող խումբը։ Ֆիլմի ռեժիսոր Մարկ Ֆորսթերի և Բրեդ Փիթի կոնֆլիկտը, բյուջեի գերազանցումը, ֆիլմի ամբողջական փոփոխությունը, այս ամենը կանխատեսում էր, որ ֆիլմը հաջողության չի հասնի։ Սակայն Մաքս Բրուքսի վեպի ազատ էկրանավորումը, որն արժեցավ 190 մլն դոլար, աշխարհում «վաստակեց» 540 մլն դոլար` դառնալով Փիթի մասնակցությամբ ամենաշահութաբեր ֆիլմը։ 

«Z աշխարհների պատերազմը 2»–ի մասին վերջին անգամ խոսվել է նախորդ տարվա մայիսի վերջին, երբ նախագծին միացավ սցենարիստ Սթիվեն Նայթը, ում թեկնածությունն առաջադրվել էր «Օսկարի» «Կեղտոտ, հիասքանչ բաներ» դրամայի համար։ Նայթը նաև «Սուր հովարներ» սերիալի հեղինակն է։ 

Առաջին ֆիլմի, ինչպես նաև սիքվելի պրոդյուսերական գործերով զբաղվում է Բրեդ Փիթի Plan ընկերությունը։ Դերասանը կմասնակցի սիքվելի նկարահանումներին, սակայն սյուժեն գաղտնի է պահվում։ 

«Z աշխարհների պատերազմը 2»–ի ռեժիսորը կլինի իսպանացի Խուան Անտոնիո Բայոնան, ով նաև «Ապաստան» սարսափ ֆիլմի ռեժիսորն է և հիմա էկրանավորում է Պատրիկ Նեսսի «Հրեշի ձայնը» վեպը։ -0-