Կինո

«Սա տպավորիչ ֆիլմ է, իրապես աստղային աշխատանք է տարվել, ինչը ստիպում է մեզ մտածել, թե հանուն ինչի են նկարահանվում ֆիլմերը», Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բյորդմեն» (Birdman) ֆիլմի մասին այսպես է գրել «The Telegraph» թերթը։ Ֆիլմում խառնված են միանգամից մի քանի ժանրեր և ուղղություններ՝ ինքնակենսագրություն, ֆանտաստիկա, կատակերգություն, դրամա… ինչպես կյանքում: Սա ֆիլմ է դերասանի ճակատագրի ու ընդհանրապես կյանքի մասին: 

Երևանցի ունկնդիրը ևս արդեն հնարավորություն ունի գնահատելու ֆիլմը. պրեմիերան տեղի ունեցավ հունվարի 22-ին` «Մոսկվա» կինոթատրոնում։ Ֆիլմի ռեժիսոր մեքսիկացի Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն կինոսերներին հայտնի է «21 գրամ», «Բաբելոն», «Բյութիֆուլ»  ֆիլմերով:  Սա ռեժիսորի առաջին աշխատանքն է սև կատակերգություն ժանրում: 

Դերերում են Մայքլ Քիթոնը, Էդվարդ Նորթոնը, Նաոմի Ուոթսը, Էմմա Սթոունը: 
  
Գլխավոր հերոսը Մայքլ Քիթոնն է, ով հայտնի է «Բեթմեն», «Բեթմենը վերադառնում է» ֆիլմերով: Ի դեպ, հենց այդ պատճառով էլ դերասանի ընտրությունը պատահական չէ: 

Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Նյու Յորքում, համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Վենետիկի կինոփառատոնում 2014-ի օգոստոսին:

Ֆիլմը տրագիկոմեդիա է մի դերասանի մասին: Ամբողջ գործողությունը կատարվում է թատրոնում: Այնպիսի տպավորություն է, որ սա իսկական ներկայացում է, և ոչ թե կինո: 

Ռիգան Թոմփսոնը (Մայքլ Քիթոնը) իր լավագույն տարիներին փառքի է հասել սուպերհերոսի՝ Բյորդմենի դերով: 20 տարի առաջ ամեն ինչ վերջացել է: Այլևս չկա նախկին փառքը, նախկին ինքնավստահությունը: Չկա  հաջողություն, իսկ ապագա՞…

Դերասանը փորձում է կրկին վերագտնել իրեն, վերադարձնել անցյալի փառքը: Ինչպե՞ս:  Նա համարձակության է դիմում. վերջին գումարով պատրաստվում է կրկին աշխարհին հայտնել իր մասին` բրոդվեյյան մյուզիքլ բեմադրելով: 

Մոռացված դերասանը փորձում է եթե չվերակենդանացնել բազմաչարչար կարիերան, ապա գոնե ինքն իր առջև չընկնել ցեխի մեջ:  Նա փորձում է ցույց տալ, որ կարող է խաղալ ու պիես բեմադրել: Պիեսի և՛ ռեժիսորն է, և՛ պրոդյուսերը, և՛ սցենարիստը, և՛ նույնիսկ գլխավոր դերակատարը: Սակայն միևնույն է՝ գլխում մի բան է՝ Բյորդմեն, Բյորդմեն… անցյալի ստվերը հետապնդում է նրան մշտապես և ամենուր…

Ֆիլմը ոչ միայն պատմություն է մի մարդու մասին, ով ցանկանում է ազատվել իրեն հետապնդող անցյալի կապանքներից, այլ գնում է ինքնաոչնչացման՝ հանուն իր մեջ իսկական արվեստի բացահայտման:

Ամբողջ ֆիլմի ընթացքում դերասանը պայքարում է, պայքարում է մի քանի ուղղությամբ՝ նախկին կնոջ, ներկայիս ընկերուհու, դերասանի, ով ակնհայտորեն ավելի տաղանդավոր է իրենից, թմրամոլ աղջկա և վերջապես լրագրող-քննադատի, ով ամեն ինչ անում է նրան ոչնչացնելու համար: The New York Times-ի քննադատը մտադիր է ջախջախիչ հոդված գրել՝ ներկա չլինելով ներկայացմանը: Նա այն քննադատն է, որի մեկ բառից կախված է ներկայացման հաջողությունը…

Եվ այս ամբողջ քաոսում նրան օգնում է միայն մեկը՝ անցյալի ստվերը կամ իր իսկ ներքին ձայնը՝ Բյորդմենի տեսքով: Միայն նա է հավատում, որ Ռիգանի մոտ ամեն ինչ կստացվի:

Թվում է՝ ամբողջ ֆիլմում մոնտաժ ընդհանրապես չի եղել: Օպերատորը՝ Էմանուել Լյուբեցկին, այնպես է նկարահանել ֆիլմը, որ թվում է՝ իսկապես մարդը կարող է թռչել: 

Ֆիլմը լավատեսությոոն է հաղորդում` ստիպելով հավատալ, որ ամեն ինչ լավ կլինի` չնայած այժմյան վատ վիճակին:  

Մոռացված դերասանի դերը խաղալու համար Մայքլ Քիթոնն արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի: «Բյորդմեն» ֆիլմը հասցրել է ստանալ երկու «Ոսկե գլոբուս» մրցանակ՝ «Լավագույն տղամարդու դեր» և «Լավագույն սցենար» անվանակարգերում: Ֆիլմը ներկայացվել է «Օսկարի» 9 անվանակարգում:

Ֆիլմն արժանացել է համաշխարհային կինոմամուլի բարձր գնահատականին և ճանաչվել է 2014-ի ամենահզոր նախագիծ: Այս ֆիլմի մասին հիացմունքով են խոսել նույնիսկ ամենախիստ քննադատները: -0-